Փետրվարի 5-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Չարբախի բաժանմունքի ծառայողները, անձի առեւանգման, ապօրինի ազատությունից զրկելու եւ ծեծի ենթարկելու կասկածանքով, Ներքին Չարբախի 5-րդ փողոցի թիվ 1 տան մոտից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Գոռ Պ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ 2012 թ. նոյեմբերի կեսերին Գոռ Պ.-ի ընկեր Կարապետ Մ.-ն մի տաքսի ծառայության «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենայի վթարի հետեւանքով պատճառված նյութական վնասի վերականգման հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ձեռքերով հարվածել է ավտոմեքենայի վարորդին` 1987 թ. ծնված   Գառնիկ Թ.-ին, ապա Գոռ Պ.-ն եւ Կարապետ Մ.-ն նշված հասցեի մոտից, բռնություն գործադրելով, առեւանգել են Գառնիկ Թ.-ին, տարել տաքսի ծառայություն, մոտ 9 ժամ ապօրինի զրկել նրան ազատությունից, որի ընթացքում Կարապետ Մ.-ն բռունցքով կրկին հարվածել է Գառնիկ Թ.-ին:

2013 թ. փետրվարի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում, նշված տաքսի ծառայությունում Գոռ Պ.-ն կրկին վիճաբանել է Գառնիկ Թ.-ի հետ եւ բռունցքով հարվածել նրա դեմքին` պատճառելով մարմնական վնասվածք:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

NEWS.am-ի տեղեկություններով` Գոռ Պ.-ն եւ Կարապետ Մ.-ն նախկին ոստիկաններ են: Գոռ Պ.-ն դեկտեմբերին դուրս է եկել ոստիկանությունից սեփական դիմումի համաձայն, իսկ Կարապետ Մ.-ն` նոյեմբերին է դուրս եկել աշխատանքից` զեկուցագրի համաձայն: Նա պարեկապահակային ծառայության աշխատակից է եղել, իսկ Գոռ Պ-ն-ն` մետրոյում ծառայություն իրականցնող ոստիկան: