Նրանք, ովքեր մտահղացել են մարդու դեմ մահափորձ կատարել, մեզ ընկեր լինել չեն կարող: Այս մասին այսօր` փետրվարի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ազգային Ժողովում գիտության, կրթության,մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար Արտակ Դավթյանը:

Նրա խոսքով` ներկայումս Հայաստանում ընտրությունների անցկացման լիովին նոր որակ է ձեւավորվում, երբ նախագահի թեկնածուների մի մասը զերծ է մնում կտրուկ արտահայտություններից: «Պարույր Հայրիկյանի հետ պատահած դեպքը կարծես ամպրոպ լիներ պարզ երկնքում, սակայն նախընտրական պայքարը կարծես կրկին սովորական հունի մեջ է ընկել, եւ մենք մոտենում ենք ավարտական փուլին»,- նշել է պատգամավորը:

Արտակ Դավթյանի կարծիքով`գոյություն ունի տեսակետ, որ Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանի վարկանիշը որոշակի չափով բարձրացել է: «Դեպքն, իհարկե, ուղղված էր մեր պետության դեմ: Իսկ թե ում էր դա անհրաժեշտ, այս հարցին կպատասխանեմ հետեւյալ կերպ. նրանք, ում մտքում այսպիսի ծրագրեր են ծնվել, մեզ ընկեր չեն կարող լինել»,-ընդգծել է նա` նշելով, որ բավականին օրինաչափ է Պարույր Հայրիկյանի` ընտրությունները հետաձգելու համար ՍԴ չդիմելու որոշումը:

Նշենք, որ ծրագրվածի պես Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 18-ին: Այս որոշումը Պարույր Հայրիկյանը բացատրել է նրանով, որ չի ցանկանում աջակցել քաղաքական կյանքը բռնության օգնությամբ փոխելու ծրագրերին: Հայաստանի Սահմանադրության համաձայն` նախընտրական քարոզարշավների ժամանակ նախագահական թեկնածուներից որեւէ մեկի մոտ անհաղթահարելի արգելքներ լինելու դեպքում, համաձայն նրա` ՍԴ ներկայացրած դիմումի` ընտրությունները կարող են հետաձգվել: