Հայրիկյանի հետ կապված միջադեպը կարող է օրենսդրական որոշ փոփոխությունների հանգեցնել, մասնավորապես՝ նախագահի թեկնածուների անվտանգության ապահովմանը վերաբերող: Այդ մասին այսօր՝ փետրվարի 6-ի մամուլի ասուլիսում նշել է ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:

Նա համամիտ չէ այն կարծիքին, որ փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունները մրցակցային չեն, քանի որ առաջադրվել են մրցակից համարվող ութ թեկնածուներ: Ի պատասխան  հարցին, թե ինչու են Հայաստանի քաղաքական դաշտում արհամարհում բանավեճերի ինստիտուտը, նա նշել է, որ հիմնականում նախաձեռնությունը պետք է լրատվամիջոցներից ծագի՝ թեեւ համապատասխան առաջարկություններով կարող են հանդես գալ նաեւ  անձամբ թեկնածուները:

«Սակայն մեր թեկնածուի եւ մյուս թեկնածուների միջեւ միջակայքը բավական մեծ է: Չեմ կարծում, որ այս դեպքում բանավեճերի անհրաժեշտություն կա, քանի որ դրանք ի վիճակի չեն լինի էականորեն ազդել իրավիճակի վրա», - ասել է պատգամավորը: Ինչ վերաբերում է երկրորդ, երրորդ եւ չորրորդ տեղերին, նա կարծիք է հայտնել, որ տվյալ հարցում Րաֆֆի Հովհաննիսյանի, Պարույր Հայրիկյանի եւ Հրանտ Բագրատյանի մասնակցությամբ բանավեճերը որոշ չափով կփոխեն քաղաքական ուժերի հարաբերակցությունը: 

Արտակ Դավթյանն ընդգծել է. «Մեր թեկնածուի եւ մյուս թեկնածուների միջակայքն այնքան մեծ է, որ թույլ կտա առաջին փուլում ականատես լինել Սերժ Սարգսյանի հաղթանակին»: