Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, այսօր` փետրվարի 7-ին, մեծ հանդիսավորությամբ նշվել է Սրբոց Վարդանանց զորավարաց տոնը, որը նաեւ Գարեգին Բ կաթողիկոսի անվանակոչության օրն է:
Էջմիածնի Մայր տաճարում մատուցվել է Ս. պատարագ, որին ներկա են եղել թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբանությունը, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի սաները եւ բազում ուխտավորներ:
Պատարագի սրբազան արարողությանը Գեւորգ Սրբազանն իր քարոզում անդրադարձել է Սբ Վարդանանց տոնի կարեւորությանը հայ ժողովրդի կյանքում: «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու խորաններից այսօր վերստին աղոթք եւ գոհաբանություն է բարձրանում Սրբոց Վարդանանց նահատակների անմահ հիշատակին: Աշխարհով մեկ սփռված հայությունն այսօր շտապում է եկեղեցի իր հարգանքի տուրքը մատուցելու Ավարայրի դաշտում ընկած 1036 վկաներին, խոնարհվելու նրանց ոգու արիության, հավատքի ամրության առջեւ, վերանորոգելու ուխտը սեփական պատմության, Մայր Եկեղեցու եւ լեզվի հանդեպ, երդվելու Վարդանանց գաղափարի կրողը լինել: Մանավանդ, հայրենիքից հեռու, սփյուռքի գաղթօջախներում բնակվող մեր քույրերի եւ եղբայրների համար յուրահատուկ նշանակություն ունի այս օրը, մի այլ հուզումով են նրանք պատրաստվում այս տոնին, կարծես Վարդանանք նրանց ավելի են մոտեցնում իրենց արմատներին, օգնում ավելի խորը գիտակցելու սեփական ինքնությունը, հասկանալու հայրենիքի եւ հավատի արժեքը, լսելու արյան կանչը:
Վարդանանց պատմությունն այն բացառիկ իրադարձությունների թվին է պատկանում, որը միավորող նշանակություն ունի աշխարհասփյուռ հայ ժողովրդի համար, տալիս է նրան ինքնության գիտակցություն եւ կամք: Մեր հավաքական գիտակցությունն այնքան վառ եւ նպատակասլաց է արտահայտվել Վարդանանց շարժման մեջ, որ դարեր շարունակ այն ներշնչման անսպառ աղբյուր է ծառայել սերունդների դաստիարակության, քրիստոնեական նկարագրի կերտման համար:
…Վարդանանց վկայությունն ուղեկից է եղել մեզ պատմության քառուղիներում, ներշնչել եւ ուղղորդել է մեր ընթացքը, քանի որ, ինչպես հայ նշանավոր գրողն է ասում, ՙպատմությունը գիրք չէ, այլ ոգու պատմություն՚: Վարդանանց պատմությունը հենց այդ ՙոգու պատմությունն՚ է, որն ամեն տարի շարունակ վերապատմում ենք` հիշելով, թե ի°նչ որոշում կայացրեցին հայ իշխանները Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ, ինչպե°ս էր հայ հոգեւորականը զինվորին հավասար սուրը ձեռքին մարտնչում թշնամու դեմ, ինչպե°ս հայ փափկասուն կանայք քաջությամբ հետ չմնացին իրենց ամուսիններից», - նշել է պատարագիչ Սրբազանը:




























