Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն անում է ամեն ինչ, որպեսզի Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձը շուտափույթ բացահայտվի: Այդ մասին այսօր` փետրվարի 7-ին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարել է ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը:

Վերջինս պատասխանել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին: Փաշինյանը նշել էր, թե հանրությունը, ըստ էության, որեւէ տեղեկատվություն չունի նախաքննության ընթացքի մասին, կա՞ որեւէ նորություն նախաքննության մասին, եւ կարող է արդյոք  ԱԱԾ-ն երաշխավորե՞լ, որ գործը կբացահայտվի: «Ազգային անվտանգության ծառայությունն անում է ամեն ինչ, որպեսզի գործը շուտափույթ բացահայտվի»,- նշել է Հարությունյանը` չմանրամասնելով նախաքննության ընթացքը:

ԱԱԾ տնօրենի տեղակալը Ազգային Ժողովում ներկայացնում էր «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրինագծի շուրջ կառավարության կարծիքը: