Նոյեմբերի 18-ին Լոռիի մարզի Շահումյան գյուղում գտնվող «Մուշ» ռեստորանում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործով հետախուզվողները հայտնաբերվել են: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նաեւ հաստատել են ոստիկանությունից: Փետրվարի 6-ի գիշեր ժամը 22-ի սահմաններում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները մայրաքաղաքի Թումանյան փողոցի 18 շենքի բնակարաններից մեկից հայտնաբերել են անցած տարվա նոյեմբերից Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-ին մասի 7-րդ կետի եւ 250 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող 1981թ. ծնված Սամվել Դիլոյանը եւ 1982 թ. ծնված Արեն Վերանյանը:
Ինչպես ավելի վաղ գրել էր NEWS.am–ը, նոյեմբերի 18-ի երեկոյան Ս. Շարբաթյանը «Մուշ» ռեստորան էր հրավիրել Վանաձոր քաղաքի բնակիչ Արտակ Վերանյանին եւ իր քրոջ որդի Հ. Ասլիկյանին` նպատակ ունենալով Արտակ Վերանյանից պահանջելու, որպեսզի վերջինս չհետապնդի իր քրոջ դստերը: Համաձայն պայմանավորվածության` նշված ժամին ռեստորան են գնացել Հ. Ասլիկյանը եւ Արտակ Վերանյանը` վերջինիս եղբայր Արեն Վերանյանի եւ ընկերոջ` Ս. Դիլոյանի հետ: Ժամը 22:00-ի սահմաններում վերոնշյալ հարցի շուրջ վիճաբանություն է սկսվել, որը վեր է ածվել ծեծկռտուքի` արդեն ռեստորանի բակում: Արդյունքում` Ս. Շարբաթյանը դեմքին եւ քթի շրջանում մեկ հարված է ստացել, ինչն էլ, փորձաքննության համաձայն, հանգեցրել է գլխուղեղի ֆունկցիաների խանգարման: Վնասվածքն ստանալուց հետո Ս. Շարբաթյանը տեղափոխվել է ռեստորանի առանձնասենյակ, որտեղ եւ գիտակցության չգալով` մահացել էր:
2012թ. նոյեմբերի 19-ին`ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժին կամովին ներկայացել էր Արտակ Վերանյանը՝ Արեն վերանյանի եղբայրը, ներկայացրել օդամղիչ ատրճանակ եւ հայտնել, թե Ս. Շարբաթյանի հետ վիճաբանել է ինքը եւ ինքն է բռունցքով հարվածել նրա դեմքին: Իսկ Արեն Վերանյանն ու Սամվել Դիլոյանը դիմել էին փախուստի:
Սամվել Դիլոյանը եւ Արեն Վերանյանը կալանավորվել են:





























