Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը ԿԳ նախարարի 2011 թվականի սեպտեմբերի 13-ի հրամանով ատեստավորման ենթակա ուսուցիչ վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկը համալրելու նպատակով մրցույթ է հայտարարել:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երաշխավորված կազմակերպություններին կտրամադրվեն դրամաշնորհներ վերապատրաստումների կազմակերպման համար: Դրամաշնորհների չափը կախված կլինի տվյալ կազմակերպությունում հայտագրված ուսուցիչների քանակից: Հանրակրթական ուսումնական հաստատությունների  ուսուցիչների ցուցակները կազմակերպությունները կարող են ստանալ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, տարածքային կառավարման  լիազոր մարմնի (Երեւանի քաղաքապետարանի) համապատասխան ստորաբաժանումներից՝ ըստ ենթակայության։

Ուսուցիչների վերապատրաստումները նախատեսվում է սկսել 2013թ. հունիսի 1-ից: Կազմակերպությունները մրցույթին մասնակցելու համար պետք է դիմեն՝ նշելով տարածքը եւ առարկան: Մրցույթի մասնակցության հայտի ձեւը   եւ այլ մանրամասն տեղեկությունները ներկայացված են ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կայքէջում (www.edu.am):

Մրցույթին կարող են դիմել իրավաբանական անձի կարգավիճակ եւ պետական գրանցում ունեցող՝

1) Հայաստանի Հանրապետության պետական եւ ոչ պետական ուսումնական հաստատությունները` հանրակրթական դպրոցներ, միջին մասնագիտական, բարձրագույն եւ այլ ուսումնական հաստատություններ, գիտական կազմակերպություններ,

2) կրթության ոլորտի վերապատրաստումների փորձ ունեցող մասնագետներով համալրված հիմնադրամներ, ընկերություններ, հասարակական, միջազգային, առեւտրային եւ ոչ առեւտրային  կազմակերպություններ:

3. Ցանկում ընդգրկվելու համար հայտ ներկայացրած կազմակերպությունը   պետք է ունենա՝

1) վերապատրաստման գործընթացն անխափան կազմակերպելու համար  սեփականության  կամ վարձակալության  իրավունքով  օգտագործվող  տարածք`  առնվազն 1 ուսումնական խմբի (25-30 անձ) հետ տեսական եւ գործնական պարապմունքների անցկացման համար,

2) ուսուցիչների վերապատրաստման ծրագրի բովանդակությանը  համապատասխան  ձեռնարկ (մոդուլ), ուսումնանյութական բազա, կահավորանք, ՏՀՏ միջոցներ, սարքավորումներ,

 3) վերապատրաստող  մասնագետներ, ովքեր ունեն`

ա. համապատասխան բարձրագույն մասնագիտական (առարկայական) կրթություն եւ  վերջին 5 տարում  առնվազն 2 տարվա ընթացքում  վերապատրաստումների մասնակցության փորձ` ղեկավար եւ մանկավարժական կադրերի պատրաստման կամ վերապատրաստման ոլորտում,

բ. գիտելիքներ` հանրակրթության ոլորտը կարգավորող օրենսդրական, իրավական-նորմատիվային, ուսումնական, բովանդակային, տեսության եւ մեթոդիկայի հիմունքների վերաբերյալ:

4. Կազմակերպությունը պետք է կարողանա.

1) ապահովել ուսուցիչների վերապատրաստման թեմատիկ, ուսումնական, պլան-ծրագրերի, թեստային առաջադրանքների, պարապմունքների ժամանակացույցերի  մշակումը,

2) ապահովել վերապատրաստումների գործընթացի հետ կապված կազմակերպչական  աշխատանքների պլանավորումը, իրականացումը եւ դասընթացի յուրացման արդյունքների գնահատումը,

3)  կատարած աշխատանքների վերաբերյալ կազմել եւ Նախարարություն  ներկայացնել   ամփոփիչ բովանդակային եւ ֆինանսական հաշվետվություններ:

5. Կազմակերպությունը չի կարող մասնակցել մրցույթին եթե`    

1) դատական կարգով ճանաչված է անվճարունակ, գտնվում է լուծարման, վերակազմավորման գործընթացում, արգելանքի տակ ունի պայմանագրի կատարման համար հայտով ներկայացված գույք,

2) հայտ ներկայացնելու օրվան նախորդող հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ունի ժամկետանց պարտքեր` Հայաստանի Հանրապետության հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով: