Գերմանիայի Մայնց քաղաքի Գութենբերգ թանգարանում, անցած տարվա դեկտեմբերի 7-ին, հայ տպագրության 500-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել, որը թվով երկրորդն է Գերմանիայում: Առաջին ցուցահանդեսը բացվել էր ամիսներ առաջ Արեւլեան Գերմանիայի Հալլե քաղաքում: Հանդիսավոր բացմանը ներկա են եղել Հայաստանի  վարչապետ Տիգրան Աարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը,  Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը, իսկ գերմանական կողմը ներկայացրել են Ռայնլանդ Պֆալց երկրամասի վարչապետ Կուրտ Բեկը, Մայնցի քաղաքապետ Միխայել Էբլինգը, թանգարանի տնօրեն տիկին  Լուդվիգը:

Միջոցառմանը ներկա է եղել նաեւ Գերմանիայում Թուրքիայի դեսպան Ասլան Ալփեր Յուքսելը:

Բացումից մի քանի օր անց թուրքական տասը միություններ բողոքով դիմել են քաղաքապետ Էբլինգին, նշելով, որ ցուցահանդեսում ներկայացված ցուցանմուշներից մեկի վրա կա ցեղասպանության քարոզչություն, որն անհրաժեշտ է հեռացնել: Նրանք որակել են դա որպես պատմության  «խեղաթյուրում», որը պատահական չէ, այլ  «գիտակցված» եւ բխում է  «ՀՀ պետական քաղաքականությունից»:

Թեեւ քաղաքապետն ընթացք չի տվել թուրքական կողմի պահանջներին եւ անփոփոխ մնացին ցեղասպանության մասին պատմող ցուցանակները, սակայն ավելացվեց նաեւ թուրքերի ներկայացրած նամակից մի հատված, որտեղ նշվում էր «ողբերգության», «երկու կողմերի փոխադարձ վշտի» մասին, բացայայտ մեջբերումներ պաշտոնական Անկարայի մոտեցումներից: Երեւոյթն, իրոք, եզակի էր. երկու իրարամերժ տեսակետ՝ նույն ցուցահանդեսում:

Հայկական կողմն` ի դեմս անհատների, միությունների ու դեսպանատան, դիմել է քաղաքապետին եւ Գերմանիայի կուսակցություններին, ինչի արդյունքում թուրքական կողմի «լուսաբանումներն» արդեն հեռացված են: Mainzer Rhein-Zeitung-ի մեկնաբան Կլաուս Ամբրոսիուսը  խիստ քննադատության է ենթարկել գերմանական կողմի կեցվածքը` նշելով, որ քաղաքապետի` թուրքական տեսակետին տեղ տալու հանգամանքը «վնաս է պատճառել Գութենբերգ թանգարանի համբավին»:

Րաֆֆի Քանդյան