Փետրվարի 7-ին տեղի ունեցավ նախագահական ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու եւ պատշաճ հասարակական կարգ պահպանելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի հերթական խորհրդակցությունը, որը վարում էր շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին  տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե խորհրդակցության ընթացքում պատասխանատուները ներկայացրին նախորդ նիստին հաջորդած ժամանակահատվածում կատարված աշխատանքը՝ նշելով, որ կատարվել են բոլոր հանձնարարականներն ու ցուցումները: Մասնավորապես, ավարտվել է ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների մասին ուղեցույցի ուսուցման գործընթացը եւ ստուգարքներով ամփոփվել են գրաֆիկով հաստատված գործնական պարապմունքների արդյունքները, վերացվել են այդ ընթացքում ի հայտ եկած թերություններն ու բացթողումները:

Հունան Պողոսյանը փաստեց, որ այս ժամանակահատվածում հանդիպումներ են եղել միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների հետ, քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրները, սպառիչ պատասխաններ են տրվել դիտորդներին հետաքրքրող հարցերին:

Օպերատիվ շտաբի պետը նշեց նաեւ, որ շարունակվում են ընտրողների ցուցակների ճշգրտմանն ուղղված աշխատանքները, ինչպես եւ ներկայացրեց նախորդ նիստին հաջորդած ժամանակահատվածում քննարկման առարկա դարձած ահազանգերի ու զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների վիճակագրությունը:

Խորհրդակցության ավարտին տրվեցին կոնկրետ հանձնարարականներ ու ցուցումներ: