Ադրբեջանի իշխանությունների հակահայ քարոզչությունը նոր դրսեւորում է գտել՝ հայերի մասին գրել համարձակված հեղինակ Աքրամ Այլիսլին զրկվել է «Ժողովրդական գրող» կոչումից:

ԱՊԱ-ն հաղորդում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարգադրություն է ստորագրել Աքրամ Այլիսլիին «Ժողովրդական գրողի» կոչումից եւ անձնական նախագահական կենսաթոշակից զրկելու մասին:

Ռուսական «Դրուժբա նարոդով» ամսագրում հրապարակված ադրբեջանցի գրողի «Քարե երազներ» ստեղծագործությունն Ադրբեջանում զայրույթի փոթորիկ էր առաջացրել: Ադրբեջանցի կեղծ հայրենասերների դժգոհության պատճառը հայերի հանդեպ կարեկցանքի երանգն է: Ադրբեջանի  «մտավորականության» ներկայացուցիչները պահանջում են Աքրամ Այլիսլիին զրկել բոլոր կոչումներից եւ պատասխանատվության ենթարկել:  Քննարկվում է նույնիսկ գրողին Ադրբեջանի քաղաքացիությունից զրկելու հարցը: