Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ամենամյա ելույթը երկրի խորհրդարանում, որը նախատեսված է փետրվարի 8-ին, հետաձգվել է անորոշ ժամանակով: Այս մասին, այսօր` փետրվարի 7-ին, հայտնել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին:

Նա նշել է, որ այդ որոշումն ընդունել է խորհրդարանի մեծամասնությունը («Վրացական երազանք»), ինչը կապված է Սահմանադրական փոփոխությունների նախագծի հարցում «Միացյալ ազգային շարժման» հետ համաձայնության բացակայությամբ: Այդ նախագիծը վերաբերում է կառավարությունը ցրելու եւ առանց օրենսդիր մարմնի համաձայնության նոր կառավարություն ձեւավորելու հարցում նախագահի լիազորությունների սահմանափակմանը:

«Մեծամասնությունը կարծում է, որ նախագահի ելույթը պետք է կայանա այն բանից հետո, երբ կընդունվի Սահմանադրական փոփոխությունների համապատասխան որոշումը, կամ երբ նախագահը եւ նրա քաղաքական թիմը բաց կհայտարարի իր դիրքորոշումը խորհրդարանի լիազորություններն այդ մարմնին վերադարձնելու մասին… Մենք հարգում ենք Վրաստանի Սահմանադրությունը, նախագահի իրավունքը, բայց միաժամանակ մենք հարգում ենք ինքներս մեզ»,-հայտարարել է Ուսուպաշվիլին:

Նրա խոսքով` մեծամասնությունը շահագրգռված է, որ Սահմանադրության վերաբերյալ քաղաքական համաձայնությունը կայանա որքան հնարավոր է շուտ, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
Ինչպես հաղորդում է «Գռուզիա օնլայնը», խորհրդարանի Սահմանադրական փոփոխությունների քննարկումը տեւել է 7 ժամ, բայց կողմերն այդպես էլ կոնսենսուսի չեն եկել: Քիչ է մնացել բանը հասնի ձեռնամարտի:
Խորհրդարանական մեծամասնությունը պատասխան է պահանջել փոքրամասնությունից, թե ինչու են նրանք հանդես գալիս հօգուտ նախագահի «բռնապետական եւ համընդգրկուն» իրավունքի եւ չեն ցանկանում իշխանությունը հանձնել ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանին:

Ի պատասխան Սահակաշվիլիի կողմնակիցները հայտարարել են, որ այդ սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն 2013-ի հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից անմիջապես հետո, ուստի կարիք չկա իրադարձություններից առաջ ընկնել:
«Խորհրդարանական փոքրամասնությունը պատրաստ է պաշտպանել սահմանադրական փոփոխությունները, եթե Սահմանադրությունը երաշխավորի երկրի արտաքին քաղաքական ուղեգծի անփոփոխությունը»,-հայտարարել է «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչ Զուրաբ Ջափարիձեն: