ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում մեկնաբանել ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին: Այսօր ԱԺ-ում NEWS.am-ի թղթակիցը փորձեց նրանից մեկնաբանություն ստանալ, սակայն մեր ջանքերն ապարդյուն անցան: Պատգամավորը, չլսած հարցը, ասաց. «Առանց մեկնաբանության»: Հարցին, թե երբ պատգամավորը մեկնաբանություն կունենա, եւս մնաց «առանց մեկնաբանության»:

Նշենք, որ ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը  հարցազրույց է տվել «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին եւ ասել, որ  Կոնգրեսն այլեւս չի կարող պահպանվել նույն կազմով ու կառուցվածքով, ինչպիսին հանդես է եկել նախորդ հինգ տարիների ընթացքում: «Նկատի ունենալով առաջիկա տարիներին քաղաքական զարգացումների միտումները, կարծում եմ, արդեն ժամանակն է, որպեսզի Կոնգրեսը քաղաքական զանազան ուժերի ու անկուսակցականների ազատ դաշինքից վերածվի մեկ միասնական կուսակցության: Ուզում եմ նաեւ տեղեկացնել, որ Կոնգրեսին հավատարիմ մնացած ուժերի շրջանակում այդ գաղափարի իրականացման շուրջ քննարկումներ արդեն իսկ ընթանում են»,- ասել է նա: