«Բայց ո՞ր անգամ է փող բաժանվել։ Պարզապես այս անգամ հստակ չի բաժանվելու», հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին։ Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը եւ հավելում.
«Հիշում եք, չէ՞, խորհրդային վերջին տարիներին երեւանյան բենզալցակայանների ցուցանակները՝ «բենզին վաբշե չկա»։ «Բենզին չկա» գրությունն իրեն չէր արդարացնում, որովհետեւ բոլորը հարցնում էին՝ «վաբշե չկա՞»։ Հիմա Գալուստ Սահակյանն ասում է, որ իրենք երբեք էլ ընտրակաշառք չեն բաժանել, բայց այս անգամ «վաբշե չեն բաժանելու»։ Ավելին՝ Գալուստ Սահակյանն ասում է, որ եթե այնուամենայնիվ փող բաժանելու դեպքեր լինեն, ՀՀԿ-ն «իր մեկնություններով» դրա դեմը կառնի։ Հետաքրքիր է՝ ի՞նչ է նշանակում «մեկնություն»։ ՀՀԿ-ն պիտի մեկնի դեպքի վա՞յր, թե՞ պիտի մեկնաբանի արձանագրված փաստը (եւ դա ներկայացնի որպես «արջի ծառայություն»)։
Ի դեպ, Գալուստ Սահակյանը նաեւ բացատրում է, թե ինչու այս անգամ հաստատ փող չեն բաժանելու։ Որովհետեւ, ասում է, «այս անգամ տրամադրված են ոչ թե իշխանությունները, այլ ՀՀԿ-ն»։ Փաստորեն, դրանք տարբեր բաներ են»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։





























