Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին վճռել է փետրվարի 8-ին ամենամյա ուղերձով  ժողովրդին դիմել Վրաստանի Ազգային գրադարանից, որը գտնվում  է Թբիլիսիում։ Այդ մասին փետրվարի 7-ի երեկոյան հատուկ ճեպազրույցում հայտնել է պետության ղեկավարի մամուլի խոսնակ Մանանա Մանջգալաձեն։

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին նախատեսվում էր նախագահի ավանդական ամենամյա ելույթը խորհրդարանում, սակայն փետրվարի 7-ին խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին հայտնել էր, որ այն անորոշ ժամանակով հետաձգվել է։ Ըստ Ուսուպաշվիլիի՝ այդ որոշումն ընդունել է խորհրդարանի մեծամասնությունը, ինչը կապված է Վրաստանի սահմանադրական փոփոխությունների նախագծի հարցում փոքրամասնության եւ մեծամասնության միջեւ համաձայնության բացակայությամբ:

Միխայիլ Սահակաշվիլիի զեկույցն ութերորդ գումարման խորհրդարանում պետք է դառնար առաջինը։

«Նախագահը վճռել է վրաց հասարակությանը Թբիլիսիի Ազգային գրադարանի դահլիճից դիմել նույն զեկույցով», - հայտնել է Մանանա Մանջգալաձեն, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»։