Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը հայտարարել է 2014թ. Մոսքաղդումայի ընտրություններում «Գրաժդանսկայա պլատֆորմա» կուսակցության առաջնորդ Միխայիլ Պրոխորովին «հնարավոր փոխօգնություն» ցուցաբերելու մասին։
«Ես լավ եմ վերաբերվում Պրոխորովին։ Նա ինձ շատ է օգնել, երբ քաղաքապետ էի, ընդ որում՝ առանց որեւէ նյութական շահի», - հայտնել է Լուժկովը «Կոմերսանտ» թերթին։
Հարցին, թե որն է լինելու նրա օգնությունը, նախկին քաղաքապետը պատասխանել է. «Հաստատ ոչ փողը»։
Պրոխորովի եւ Լուժկովի հնարավոր համագործակցության քննարկումը կարող է տեղի ունենալ փետրվարի 15-ին «Գրաժդանսկայա պլատֆորմայի» դաշնային քաղկոմիտեի նիստում։ «Կոմերսանտին» կուսակցության աղբյուրը հայտնել է, որ «Յուրի Լուժկովի վերլուծաբանները մշակել են ընտրություններին Միխայիլ Պրոխորովի մասնակցության «ճանապարհային քարտեզ»»։
«Այնտեղ հետեւյալ հերթականությունն է մշակվել. Սկզբում Պրոխորովն առաջադրվում է Մոսքաղդումայի ընտրություններում, այնուհետեւ՝ Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում, իսկ հետո էլ Պետդումա եւ նախագահական ընտրություններ»,- հայտնել է աղբյուրը։ Իր հերթին Լուժկովը հրատարակչությանը պատմել է, որ «դա իրականությանը չի համապատասխանում»։




























