Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է իր մտահոգությունը Հանրապետության նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի շարունակման վերաբերյալ, հատկապես նկատի ունենալով վերջին օրերին լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունը` կապված պարոն Ղուկասյանի առողջական վիճակի վատթարացման հետ:

ԿԸՀ-ի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Մտահոգ լինելով Հանրապետության նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակով` հորդորում ենք պարոն Ղուկասյանին դադարեցնել հացադուլը եւ ձեռնարկել քայլեր առողջական վիճակի բարդացումներից խուսափելու համար:  

Միաժամանակ, դիմում ենք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` Հանրապետության նախագահի թեկնածուի առողջական վիճակը անհապաղ  դարձնել մասնագիտական քննարկման առարկա եւ հայտնել մասնագիտական կարծիք»:

Հիշեցնենք, որ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հացադուլ է հայտարարել հունվարի 21-ին` «վերջ տալ շինծու ընտրություններին» կարգախոսով: