Աշխարհի ամենավտանգավոր քաղաք է ճանաչվել Հոնդուրասի Սան-Պեդրո-Սուլա քաղաքը, որտեղ տարեկան 100 հազար բնակչի հաշվով 169 սպանություն է կատարվում: Այդ մասին հայտնում է մեքսիկական «Հանրային անվտանգության եւ արդարադատության քաղաքացիական խորհուրդ» կազմակերպությունը:

Երկրորդ տեղում մեքսիկական Ակապուլկոն է, որտեղով թմրանյութ են տեղափոխում Կենտրոնական Ամերիկայից ԱՄՆ: Այնտեղ ցուցանիշը 128 է:

Վարկանիշում ընդգրկված են նաեւ Վենեսուեալայի մայրաքաղաք Կարակասը, Հոնդուրասի մայրաքաղաքային շրջանը եւ մեքսիկական Տորրեոն քաղաքը:

Ի դեպ, ԱՄՆ-ին սահմանակից Սյուդադ-Խուարես քաղաքը նախորդ տարի երկրորդն էր վարկանիշում, սակայն զգալիորեն բարելավվել է վիճակը եւ այնտեղ այժմ 100 հազար բնակչի հաշվակով տարեկան 56 սպանություն է կատարվում: Զեկույցի հեղինակները նշում են, որ քրեական վիճակի բարելավումը մեծապես կախված է տեղական իշխանությունների ջանքերից: