Հայաստանի մարզերի ծննդատները կիսով չափ դատարկ են, քանի որ մայրերը գնում են Երեւան` ծննդաբերելու: Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել են մի շարք ծննդատների տնօրեններ` քանի որ ապագա մայրերը (ե՜ւ իրենց ցանկությամբ, ե՜ւ հայրերի պնդմամբ) գնում են Երեւան` ծննդաբերելու, ծննդատների ֆինանսական վիճակի բարելավումը հեռու է ցանկալի լինելուց:
Ծննդօգնությունը Հայաստանում անվճար է, իսկ դրա հետ կապված բժշկական ծառայությունները հոգալու համար մայրերը ստանում են 107 հազար դրամի (մոտ 260 դոլար) հավաստագիր: Սակայն մայրաքաղաքային ծննդատներին ավելի շատ են վստահում` նախընտրելով գումարն այնտեղ թողնել: «Եթե մեր հիվանդանոցը տեսնեիք մի քանի տարի առաջ` տանիքին տանիք չէիք ասի»,- նշել է ծննդատներից մեկի տնօրենը: «Այժմ քիչ թե շատ բարեկարգել ենք, բայց դրա համար օգնություն է պահանջվել դրսից` մեր միջոցներով մենք չէինք կարողանա», – ավելացրել է նա: Նրա խոսքով` իր հիվանդանոցը նույնիսկ տարեկան մի քանի միլիոն դրամ չի վաստակում:
Հենց դրա համար գլխավոր բժիշկները դրական են գնահատել Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի այն հրամանը, որի համաձայն, մարտի 1-ից ոչ երեւանցիների համար Երեւանի ծննդատները վճարովի կլինեն: «Մեկն իր ապագա երեխային չի վստահում մարզերի ծննդատներին, իսկ մյուսը մտածում է, որ եթե հարեւանի հարսին ծննդաբերելու համար Երեւան են տարել, մերն ինչո՞վ է վատը: Ահա սրանում է բանը, որ ինչքան շատ լինեն մեզ մոտ ծննդաբերողներն, այնքան շատ կլինեն մեր եկամուտներն, ինչպես նաեւ` վերակազմակերպման միջոցները»,- պարզաբանել է նա:




























