NEWS.am-ը որոշ կրճատումներով ներկայացնում է «Eurasia Daily Monitor»-ում հրապարկված քաղաքագետ Վասիլի Ռուխաձեի հոդվածը.

Վրաստանի վարչապետ  Բիձինա Իվանիշվիլին  հունվարի 17 –ին Հայաստան կատարած այցի ընթացքում  հայտարարեց, որ «Հայաստանը լավ օրինակ է Վրաստանի համար եւ կարող է դրական իմաստով նախանձի աղբյուր լինել»` Ռուսաստանի, միաժամանակ`  ԱՄՆ- ի եւ ՆԱՏՕ-ի հետ  լավ հարաբերությունների առումով:

Իվանիշվիլիի` 2012թ. վարչապետ դառնալուց հետո ամեն ինչ հստակ ցույց է տալիս, որ նա  երկրի արտաքին քաղաքական կուրսը փոխում է Վրաստանի նախկին տիրոջ` Ռուսաստանի կողմը: Սակայն դա միայն մեկ երկրի արտաքին քաղաքականության փոփոխություն չէ: Վրաստանի այդ տեղաշարժի արդյունքում Հարավային Կովկասում կփոխվի ուժերի աշխարհաքաղաքական հավասարակշռությունը:

Երբ Վրաստանը 2003թ. Վարդերի հեղափոխությունից հետո ակտիվ տեղաշարժվում էր  Արեւմուտքի կողմը, Թբիլիսին ակտիվորեն համագործակցում էր ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի եւ նրա կովկասյան դաշնակից Ադրբեջանի հետ տնտեսական եւ ռազմաքաղաքական ոլորտներում: Հայաստանը դուրս մնաց համատեղ բոլոր խոշոր նախագծերից` առավել մեկուսանալով տարածաշրջանում: Հիմա արդեն ամեն ինչ փոխվում է  հօգուտ Հայաստանի, ինչը կարող է այս անգամ Ադրբեջանին մեկուսացնել, եւ դա մատնացույց է անում Հարավակին Կովկասում ուժերի հավասարակշռության փոփոխությունը:

Այն դեպքում, երբ Իվանիշվիլին աստիճանաբար Վրաստանը թեքում է Ռուսաստանի կողմը, նա միաժամանակ ուշադրություն է ցուցաբերում Մոսկվայի տարծաշրջանային դաշնակցին` Հայաստանին: Իվանիշվիլիի կարեւոր հայտարարություններից մեկը Աբխազիայի տարածքով Ռուսաստան-Հայաստան երկաթգծի աշխատանքի վերականգնման մասին  էր:

Այս ճանապարհը հսկայական նշանակություն ունի մեկուսացված Հայաստանի համար:  Ինչպես ճիշտ նկատել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը,  դա կդադարեցնի Հայաստանի շրջափակումը  եւ կարեւոր նշանակություն կունենա երկրի տնտեսության համար: Այդուհանդերձ, երկաթուղին կարեւոր ռազմական եւ քաղաքական նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի համար:  Ռուսաստանը կարող է դրանով առանց որեւէ խոչընդոտի  ռազմատեխնիկա փոխադրել Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազա:

Միաժամանակ, երկաթուղու վերականգնումը մեծ սխեմայի միայն մի մասն է: Հայաստանը հունվարի 18 –ին հայտարարեց Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի եւ ԱՄԷ-ի մասնակցությամբ  հարավային երկաթուղու նախագծի գործարկման մասին: Ինչն առավել կարեւոր է, այն սեւծովյան նավահանգիստները կապելու է Պարսից ծոցի հետ: Հաշվի առնելով, որ  Ռուսաստան-Հայաստան երկաթուղին կարող է միանալ Իրան-Հայաստան երկաթգծին,  դա երկար տրանսպորտային միջանցք կստեղծի հյուսիսից հարավ` Ռուսաստանից մինչեւ Պարսից ծոց:  Տրանսպորտային այդ միջանցքը հսկայական տնտեսական եւ աշխարհաքաղաքական նշանակություն կունենա առաջին հերթին Ռուսաստանի համար` Ռուսաստանի ընդգրկումն ընդլայնելով մինչեւ Մերձավոր Արեւելքի հարավային մասերը:

Մոսկվային ուղղված Վրաստանի քայլերը եւ Հայաստանի նկատմամբ ուշադրությունը Ադրբեջանին մեկուսացնում է տարբեր առումներով: 2012թ. դեկտեմբերին  Վրաստանի վարչապետը կասկածի տակ դրեց Բաքու-Թբիլիսի- Կարս երկաթգծի տնտեսական արդյունավետությունն ու եկամտաբերությունը:  Թեեւ ավելի ուշ հրաժարվեց  հայտարարությունից: Դա ցույց տվեց, որ Վրաստանն այլեւս չի կարող շարժվել Ադրբեջանի հետ կողք կողքի:

Վրաստանը թեքվում է  Ռուսաստանի կողմը, եւ ուժերի  հավասարակշռությունը տարածաշրջանում փոխվում է: Այդ գործըթնացն ավելի նկատելի կդառնա մոտակա ամիսներին: ԱՄՆ-ի եւ ԵՄ համար պատուհանը փակվում է`  տարածաշրջանում  իր քաղաքականությունն ակտիվացնելու եւ քաղաքական կամք ցուցաբերելու առումով: