Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Սերժիկ Մինասյանը որդու` Սեւակ Մինասյանի, գործն ուղարկվել է դատարան: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն, 38-ամյա Սեւակ Մինասյանը 2012թ. սեպտեմբերի 26-ին, ժամը 12:30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի «Կարմիր Կամուրջ» ՍՊԸ-ին պատկանող ռեստորանային համալիրում կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է Միսակ Ավետիսի Տեր-Պողոսյանի նկատմամբ բռնություն գործադրելով, որը կատարել է զենքի գործադրմամբ:
Ըստ մեղադրական եզրակացության Սեւակ Մինասյանը, «Կարմիր Կամուրջ» ՍՊԸ-ին պատկանող ռեստորանային համալիրում եւ բենզալցակայանում իր ունեցած պարտքը (168 հազար դրամ) ընկերության գործադիր տնօրեն Աշոտ Պողոսյանի կողմից պահանջելու պատճառով, 2012թ. սեպտեմբերի 26-ին ժամը 12:30-ի սահմաններում խուլիգանական մղումներով վերջինիս աշխատասենյակում հայոյանքներ է տվել նրա հասցեին, ապա 100 հազար դրամն արհամարհական ձեւով նետելով Աշոտ Պողոսյանի աշխատասեղանին, դուրս է եկել աշխատասենյակից եւ շարունակելով հայոյանքներ տալ վերջինիս հասցեին, շարժվել է նշված ռեստորանային համալիրի բակում գտնվող ավտոկայանատեղի:
Սեւակ Մինասյանը մերժելով միջադեպի հետ որեւէ կապ չունեցող, նշված ՍՊԸ-ի հիմնադիր` Միսակ Ավետիսի Տեր Պողոսյանի առաջարկը, հավաքված մոտ 20 քաղաքացիների ներկայությամբ շուրջ 10-15 րոպե տեւողությամբ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այն է` հասարակական վայրում ռեստորանային համալիրում խոչընդոտել է նրա բնականոն աշխատանքը, խախտել է հասարակական անդորրը, հասարակության հավաքված նշված քաղաքացիների ներկայությամբ անհիմն պատճառով սեռական բնույթի հայոյանքներ տալով Միսակ Տեր-Պողոսյանի հասցեին, ինչը զուգորդվել է վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելով եւ դա գործադրելու սպառնալիքով: Նա ձեռքով մեկ անգամ հարվածել է Միսակի դեմքին, ապա առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ է տվել, որը կատարել է իր մոտ պահվող «COLT» տեսակի «11M99634» համարի օդաճնշիչ ատրճանակի գործադրմամբ: Նա կրակ արձակելու նպատակով քաշել է ատրճանակի ձգանը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով պահունակը ատրճանակից դուրս լինելու պատճառով կրակոց տեղի չի ունեցել, որից հետո հավաքված քաղաքացիների միջամտությամբ հեռացել է, որի ընթացքում նույն ատրճանակով մեկ անգամ կրակել է օդ:
Այսինքն` Սեւակ Մինասյանը կատարել է հանրորեն վտանգավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օրի 258 հոդվածի 4-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արմավիրի մարզում սեպտեմբերի 26-ին ժամը 11:00-12:00-ի սահմաններում կրակոցներ են հնչել։ Արմավիրի մարզի «Կարմիր կամուրջ» ռեստորանային համալիրի բակում մարզի դատախազի տեղակալ Սերժիկ Մինասյանի որդին` Սեւակ Մինասյանը, հինգ ընկերների հետ կռիվ էր եկել ռեստորանի աշխատակիցների վրա: «Ավելի վաղ հաց էին կերել, փողը չէին տվել, փողը ուզել էին, եկել էր վիճաբանություն էր սարքել, ես էլ եկել էի պարզելու, թե ինչ է եղել, ինչի է կռիվ սարքում, այդպես քաշքշուկ եղավ»,- պատմել էր «Կարմիր կամուրջ» ռեստորանային համալիրի տնօրեն Միսակ Տեր-Պողոսյանը: Դատախազի որդին օդ է կրակել, քաշքշուկի հետեւանքով ոչ ոք մարմնական վնասվածքներ չի ստացել: Ռեստորանի տերը նաեւ պատմեց, որ երկու տարի առաջ նման պատմություն էլի է եղել, բայց դատախազ հայրը բերել է փողը եւ վճարել է. «Երեւի գողական է գնում էլի, նալոգ է դնում վրներս»,- ասել էր նա: Արմավիրում գրանցված կրակոցների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով` խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ՝ 4-7 տարի ժամկետով:Իսկ նրա հայրը ազատվել էր աշխատանքից:





























