ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում մեկնաբանել Հայ ազգային կոնգրես անունով նոր կուսակցության ստեղծումը եւ վերջինիս իր անդամակցելու հնարավորությունը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նրա օգնական Վահագն Հովակիմյանը նշեց, որ այս պահին Նիկոլ Փաշինյանը մեկնաբանություն չունի:

Հիշեցնենք, որ հունվարին Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր իր հայտնի «Քաղաքացիական պայմանագիր» նախագիծը:  Ըստ փաստաթղթի՝ Քաղաքացիական պայմանագրի նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` հասարակական, քաղաքական, իրավական, կենցաղային նոր հարաբերությունների հաստատումն է՝ հիմնված՝ օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության, մարդու իրավունքների լիարժեք պաշտպանության եւ կիրառելիության, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության, հայ ժողովրդի ազգային ինքնության, ինքնուրույնության եւ ինքնիշխանության պահպանման եւ զարգացման, Հայաստանի ժողովրդին իշխանության կրողի իրական լծակներով օժտելու հրամայականների վրա:

Նշենք, որ 28 անհատներ դիմել են Հայ ազգային կոնգրես անունով նոր կուսակցություն ստեղծելու մասին: Իսկ նախօրեին ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը  հարցազրույց է տվել «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին եւ ասել, որ  Կոնգրեսն այլեւս չի կարող պահպանվել նույն կազմով ու կառուցվածքով, ինչպիսին հանդես է եկել նախորդ հինգ տարիների ընթացքում: «Նկատի ունենալով առաջիկա տարիներին քաղաքական զարգացումների միտումները, կարծում եմ, արդեն ժամանակն է, որպեսզի Կոնգրեսը քաղաքական զանազան ուժերի ու անկուսակցականների ազատ դաշինքից վերածվի մեկ միասնական կուսակցության: Ուզում եմ նաեւ տեղեկացնել, որ Կոնգրեսին հավատարիմ մնացած ուժերի շրջանակում այդ գաղափարի իրականացման շուրջ քննարկումներ արդեն իսկ ընթանում են»,- ասել է նա: