«Հրապարակը» գրում է, թե Հեռուստառադիոխորհրդի նախագահի լիազորությունները դադարեցնելուց հետո Հ1-ի աշխատանքային առօրյան խախտվել է: Տպավորություն կա, թե Ալիկ Հարությունյանի գնալով աշխարհի վերջն է եկել: Հեղինակներն արդեն զգուշացվել են, որ շուտով նրանց հաղորդումները հանվելու են եթերից, որոշ նախագծեր են փակվելու: Մյուսներն անորոշության մեջ են:

Հ1-ի ներսում այս վիճակը բացատրում են գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանի ճամպրուկային տրամադրությամբ: Ամենայն հավանականությամբ, նա արդեն գիտի, որ խորհրդի նոր նախագահի գալուց հետո ինքը հեռանալու է պաշտոնից: Հեռուստառադիոխորհրդի նոր ղեկավարին ձայների մեծամասնությամբ ընտրելու է խորհուրդը, բայց ոչ ոք չի կասկածում, որ ընտրությունը զուտ ձեւական է լինելու, որի արդյունքը նախօրոք որոշվելու է նախագահականում:

Իսկ առայժմ մրցույթ է հայտարարված 5 հոգուց բաղկացած խորհրդի նախագահի թափուր տեղի համար: Հավակնորդները դիմում են նախագահական: Թե ովքեր են նրանք, հայտնի կդառնա առաջիկա 10 օրվա ընթացքում: Երեկ առաջադրումների առաջին օրն էր: Ռադիոտանը պտտվող լուրերի համաձայն, հայտատուների թվում են «Շարմ հոլդինգի» տնօրեն Ռուբեն Ջաղինյանը, նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը, նաեւ խորհրդի աշխատակազմի ղեկավար Արմեն Անդրեասյանը, որն Ալիկ Հարությունյանի աջ ձեռքն էր: Արմեն Արզումանյանը պաշտոնապես հերքել է իր առաջադրման մասին լուրը: