«168 ժամ» թերթը գրում է. «Հայ ազգային կոնգրեսը կուսակցության վերակազմավորելու մասին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա հայտարարության վերաբերյալ 168.am-ը մեկնաբանություն է խնդրել 2002-2010 թթ. ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանից: Այն ներկայացնում ենք ստորեւ:
«Այն, ինչ այսօր կատարվում է Հայ ազգային կոնգրեսում, օրինաչափ է: Գոնե ես բազմիցս հայտնել եմ իմ մտահոգությունն առ այն, որ իրարամերժ գաղափարախոսություններ դավանող ուժերի մեխանիկական միավորումը՝ Հայ ազգային կոնգրես ապաքաղաքական միավորի ստեղծումը, քաղաքական ապագա ունենալ չէր կարող, եւ համաժողովրդական հուժկու ալիքի արդյունքում ծնված շարժումը հանգեցնելու էր անփառունակ վախճանի: Ի վերջո, Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ իր ձայնազուրկ թիմակիցներին հաջողվեց ավազակապետությունը կազմաքանդելու փոխարեն՝ կազմաքանդել Հայաստանի ընդդիմադիր քաղաքական համակարգը: Համակարգ, որի չգոյության շնորհիվ՝ այսօր բոլորիս աչքի առաջ վերարտադրվում է ապօրինի, ոչ լեգիտիմ, կամ, ինչպես Տեր-Պետրոսյանը կասեր, ոչ օրինակարգ ռեժիմը:
Այս գործընթացն, ինչպես նշեցի, օրինաչափ էր: Օրինաչափ էր, որովհետեւ հիմնված է անձի պաշտամունքի, տեսակետների ազատ արտահայտման եւ ժողովրդավարական այլ ինստիտուտների բացառման սկզբունքի վրա: Հետագա շահարկումներից խուսափելու նպատակով՝ նշեմ, որ այս ամենի մասին բարձրաձայնել եմ դեռեւս այն ժամանակ, երբ ղեկավարում էի Հայոց Համազգային շարժում կուսակցությունը: Ցավով ուզում եմ նշել նաեւ, որ այդ ժամանակահատվածում ընդդիմադիր գործընկերներիցս որեւէ մեկը չի կիսել իմ մտահոգությունները:
Ցավալի, բայց միեւնույն ժամանակ՝ կանխատեսելի էր, որ Տեր-Պետրոսյանի հայտարարությանն առաջին արձագանքողներից եւ ողջունողներից մեկը պետք է լիներ ՀՀՇ վարչության ներկայիս ղեկավարը: Լեւոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հայտարարությունը գնահատում եմ՝ որպես նրա վերջնական՝ քաղաքական դավանափոխություն: Հայաստանի Հանրապետության հիմնադիր քաղաքական ուժի կազմաքանդումը, գաղափարախոսությունից հրաժարումը եւ այլ գաղափարախոսության որդեգրումը ոտնձգություն է՝ ուղղված 1988 թվականից ի վեր հավատամք դարձած արժեքների ու գաղափարների դեմ: Իրականում սա առաջին նման ոտնձգությունը չէր: Առաջինը՝ 95-96-ն էր, երկրորդը` 1998-ի հրաժարականը, երրորդը՝ Հոկտեմբերի 27-ից հետո Ռոբերտ Քոչարյանի շուրջ համախմբվելու կոչը, չորրորդը՝ Մարտի 1-ին եւ դրանից հետո իրական քաղաքական պայքարից հրաժարումը, հինգերորդը՝ Հայ ազգային կոնգրես ապաքաղաքական միավորի ստեղծումը, հաջորդը՝ անփառունակ երկխոսություններն ու քաղաքագիտական վերլուծությունները… Այս եւ բազմաթիվ այլ քայլերի տրամաբանական հետեւանքը լինելու էր Հայոց Համազգային Շարժման ոչնչացումը:
Բարեբախտաբար, ի հեճուկս ՀՀՇ-ի դեմ հարատեւ պայքարին լծված բացահայտ եւ ծպտյալ «սոցիալ-ազատականների»՝ Հայաստանի Հանրապետությունում կա մարդկանց ստվար զանգված, որոնց համար միակ ընդունելի գաղափարախոսությունն ազատական գաղափարախոսությունն է: Եվ ես պարտավորվում եմ իմ համախոհների հետ միասին՝ Հայ ազգային կոնգրեսը կուսակցության վերածելուց անմիջապես հետո հիմնադրել նոր Հայոց Համազգային շարժում կուսակցություն: Կուսակցություն, որը կառաջնորդվի 88-ի շարժման արժեքներով եւ գաղափարախոսությամբ, որի բարձրակետն է Հայաստանի անկախությունը»»,- մեջբերում է «168 ժամը»:




























