Ազգային անվտանգության ծառայությունը երեկ հաղորդագրություն տարածեց, որտեղ ասվում էր, որ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու մեջ կասկածվողներ են ձերբակալվել։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ մեջբերելով հաղորդագրությունը։

««Ս.թ. փետրվարի 7-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով, ձերբակալվել են Երեւան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը եւ 1972թ. ծնված Սամվել Արամայիսի Հարությունյանը...»։

Ըստ որոշ աղբյուրների, կասկածյալները Մոլդովայի քաղաքացիներ են: Իսկ ահա օրվա վերջում էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություն հայտնվեց, թե մահափորձի իրականացման մեջ կասկածվող Սամվել Հարությունյանը «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության ծառայության պետ Կարեն Բաբայանի` Շերիֆի, մորաքրոջ որդին է: Երեկ մեր թղթակից Լուսինե Բարսեղյանին հաջողվել է սույն տեղեկությունը ճշտել իրենից` Շերիֆից.

- Պարոն Բաբայան, ճի՞շտ է, որ Հայրիկյանի վրա կրակող Սամվել Հարությունյանը ձեր մորաքրոջ որդին է:

- Պարզ ասեմ ձեզ, երբ իմ ծանոթները, ընկերները կապվեցին իմ հետ եւ ասեցին, որ այսպիսի բան կա գրած, ես նայեցի, ու իմ համար շատ զարմանալի է, որովհետեւ ես մի հատ մորաքրոջ տղա ունեմ, որը Ռուսաստանում է ապրում: Իսկ իրա հետ կապված ծնողներիցս եմ ճշտել, որ շատ, շատ հեռու... ու ասենք, ոչ թե արդարանալու համար, ասեմ, այնքան վստահ եմ, որ ԱԱԾ-ն արագ կբացահայտի, որ ես տենց մորաքրոջ տղա չունեմ: Ուղղակի իմ հորաքրոջ թոռան, եսիմ ինչն է, որին վերջին անգամ երեւի մի 20 տարի առաջ տեսած լինեմ:

- Այսինքն, Սամվել Հարությունյանը ձեր հեռավոր ազգականն է, որին վաղուց չեք տեսել:

- Վաղուց ասելով, կարող եմ շեշտել` ընդհուպ երեւի մի 15 տարուց ավել, 20 տարուց:

- Իսկ դուք տեղյակ ե՞ք, ինքը Հայաստանի քաղաքացի է, թե՞ այլ երկրի, որտե՞ղ է ապրում:

- Ես ընդհանրապես տեղյակ չեմ, եթե ես իրեն այսքան ժամանակ չեմ տեսել, ես ի՞նչ գիտեմ` ո՞րտեղի քաղաքացի է, ընդհանրապես չգիտեմ` ստեղ է, թե ստեղ չի:

- Դուք ասացիք՝ ձեր հորաքրոջ ինչն է՞:

- Ես էլ եմ արդեն մոռացել, որովհետեւ պիտի ծնողներիս կոնկրետ հարցնեմ, հորաքրոջս թոռան խորթ տղան է, թե չգիտեմ ինչը: Ես նորից եմ ասում, ազնվությամբ, չեմ էլ վերհիշում, 15-20 տարի առաջ տեսած լինեմ, թե չլինեմ: Դա թաքցնելու թեմա չի մեր փոքր Հայաստանում, տենց բաները շատ արագ են իմացվելու:

- Այսինքն, դուք տեղյակ չե՞ք եղել ոչ մի բանի մասին (մահափորձի մասին է խոսքը-խմբ.):

- Ես դա համարում եմ դավաճանություն մեր ազգի նկատմամբ, ուրիշ ոչ մի բան: Իսկ մենք դավաճանների հետ ընդհանրապես չենք շփվում»,- մեջբերում է «Հայկական ժամանակը»: