Ես պատրաստվում էի գնալ խորհրդարան՝ համագործակցություն եւ կոաբիտացիա առաջարկելու, հայտարարել է Վրաստանի նախագահը փետրվարի 8-ի երեկոյան`խորհրդարանի փոխարեն Թբիլիսիի իր նստավայրում ելույթ ունենալիս:

«Կոաբիտացիան օտարալեզու բառ է, նոր, շատերը նոր միայն իմացան: Այն նշանակում է խաղաղ գոյակցություն: Նշանակում է, որ տարբեր ինստիտուտներ, տարբեր քաղաքական կուսակցություններ միասին պետք է ապրեն մեկ սահմանադրական տանը», - ասել է Սահակաշվիլին:

Նախագահը նոր իշխանություններին մի շարք հարցերում համագործակցություն է առաջարկել` արտաքին քաղաքականության ուղղության, Սահմանադրության մեջ եվրոատլանտյան ուղղության ամրագրման: Նա առաջարկել է միասին աշխատել ժողովրդավարական առաջընթացի հասնելու նպատակով, առաջարկել է նաեւ ֆինանսական համաներում:

Սահակաշվիլին ընդդիմության հետ կառավարության համագործակցության չորս կետ է նշել: Ըստ նրա` առաջին հերթին Վրաստանը պետք է ինքիշխան եւ անկախ պետություն լինի:

 «Երկրորդ. երկրում պետք է սահմանադրական ժողովրդավարություն լինի: Երրորդ`Վրաստանի պետք է քաղաքակիրթ երկիր լինի: Եւ չորրորդ` Վրաստանը պետքի է լինի այնպիսի երկիր, որտեղ մարդիկ կարողանան ազատ ապրել: Սրանք կուսակցական գաղափարներ չեն: Սրանք ազգային գաղափարներ են», - հայտարարել է Սահակաշվիլին, հաղորդում է  «Գռուզիա օնլայնը»:

Նախագահը հայտարարել է, որ «Միասնական ազգային շարժումը» պատրաստ է սատարելու սահմանդրական այն փոփոխություններին, որոնք վերաբերում են նախագահի լիազորություններին: Նա նաեւ կտրուկ դեմ է արտահայտվել Խորհրդարանը Քութայիսից Թբիլիսի տեղափոպխելուն։

Տարաձայնությունների տեղիք տվող հարցերի շարքում Սահակաշվիլին առանձնացրել է նաեւ այն նախաձեռնությունը, ըստ որի նախագահը չպետք է ընտրվի ուղիղ ընտրությունների ճանապարհով: Նա անընդունելի է անվանել նաեւ դատական իշխանությանը վերաբերող առաջարկները: