ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հերթական անգամ ցույց տվեց, որ ժողովրդավարական հռչակված իր քաղաքական թիմում որոշումները կայացվում են բացառապես իր կողմից, եւ «քաղաքական ուժ» հորջորջվող նրա շրջապատի անդամներն իրականում ընդամենն իր որոշումները վավերացնելու գործառույթ ունեն։ Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը։

«Ճիշտ այնպես, ինչպես Ազգային ժողովն է դակում կառավարության որոշումները։ Նախօրեին Տեր-Պետրոսյանը՝ որպես ՀԱԿ անդամ կուսակցությունների հետ դեռեւս քննարկվող գաղափար՝ ներկայացրեց Կոնգրեսը կուսակցության վերակազմակերպելու մասին նախաձեռնությունը։ Նախ պարզվեց, որ ՀԱԿ անդամ գոնե հիմնական կուսակցությունների՝ ՀԺԿ-ի, ՀՀՇ-ի հետ նման հարց չի քննարկվել, ապա ՀՀՇ-ն վարչության նիստ արեց, ու պարզվեց, որ ոչ միայն քննարկվել է, այլ՝ որ դա ամենահանճարեղ որոշումն է։ Մնացած ընթացակարգերը՝ ժողովներ, նիստեր, համագումար, ընդամենը ձեւական բնույթ են կրելու։ Քանի որ մինչ ՀՀՇ-ն որոշել է համագումար հրավիրել այդ հարցում դիրքորոշում ձեւավորելու նպատակով՝ ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը եւ վարչության անդամ Աշոտ Սարգսյանը արդեն իսկ հայտնվել են այն «անհատների» ցանկում, ովքեր դիմել են արդարադատության նախարարություն՝ ՀԱԿ կուսակցություն գրանցելու համար։ Փաստորեն, եթե կուսակցությունը համագումարում հակառակ որոշում կայացնի, ապա ՀՀՇ-ն կպառակտվի։ Սակայն դա գործնականում անհավանական է, քանի որ ՀՀՇ վարչության երեկվա նիստից հետո արդեն իսկ բոլորը գիտակցել են Տեր-Պետրոսյանի որոշման իմաստնությունը։ Սակայն ՀԱԿ կուսակցության նախաձեռնողների ցանկում միայն ՀՀՇ-ականների առկայությունը չէ։ Արդարադատության նախարարություն դիմած խմբի անդամների մի մասը տարբեր բարձր պաշտոններ է զբաղեցրել Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին:

Քաղաքականության մեջ, ինչպես հայտնի է, պատահականություններ չեն լինում։ Ռոբերտ Քոչարյանը եւս ժամանակին ՀՀՇ անդամ էր եւ իշխանության գալուց հետո սկսեց ակտիվորեն պայքարել ՀՀՇ-ի դեմ։ «Քաղաքագիտական վերլուծությունից» հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի շահերը սկսեցին համընկնել այնքան, որ արդեն իսկ նրանց սպասարկող քաղաքական միավորների՝ ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի համագործակցությունը համարվում է առաջիկա քաղաքական զարգացումների հիմնական սցենարներից մեկը։ Դեռեւս 2008 թվականի մարտի 1-ին իր առանձնատանը հրավիրված ասուլիսում պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է որեւէ կերպ պատկերացնել Ռոբերտ Քոչարյանի հետ իր համագործակցությունը, Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց՝ քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում։ Հինգ տարի անց նա վերահաստատում է դա՝ արդեն գործողություններով։»,- գրում է «168 ժամը»: