Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Ազգային գրադարանի մոտ կատարվածը վրդովեցուցիչ է  անվանել։ Այնտեղ երեկ՝ ուրբաթ օրը,բախումներ էին տեղի ունեցել իր համակիրների եւ հակառակորդների միջեւ։ Նա ընդգծել է, որ Ազգային շարժումն իրադրությունը սրելու ցանկություն չուներ: Այս մասին նա հայտարարել է փետրվարի 8-ի երեկոյան` Թբիլիսիի իր նստավայրում, երբ խորհրդարանում նրա ելույթը հետաձգվել էր, իսկ Ազգային գրադարանի առաջ՝ խափանվել: 

«Խորհրդարանի նախագահն ինձ հաղորդել է, որ դուրս չգամ իմ պալատից: Նման բան մենք արդեն տեսել ենք, երբ Վրաստանի առաջին նախագահին (Զվիադա Գամսախուրդիա) փակել էին կառավարական տանը եւ բունկերում: Իսկ այդ պատմությունը Վրաստանի համար դեռ չի ավարտվել, այլ շարունակվում է, մենք բախվել ենք նման իրավիճակի՝ Աբխազիայի եւ Ցխինվալիի հետ կապված», - հայտարարել է Սահակաշվիլին:

Նա ընդգծել է, որ մտադիր չէ փակի տակ նստել: «Ոչ ոք ինձ չի ստիպի փակվել ոչ այս պալատում, ոչ էլ բունկերում», - ասել է Սահակաշվիլին:

Մեկնաբանելով խորհրդարանում իր ելույթի հետ կապված իրադրությունը` Սահակաշվիլին նշել է, որ ժամանակին, երբ ինքն ընդդիմություն էր, լսում էր այն ժամանակվա նախագահի բոլոր հայտարարությունները եւ հետո մեկնաբանում, հաղորդում է  «Նովոստի Գռուզիան»:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ նախագահի ելույթը տեղի կունենա սահմանադրական փոփոխությունները խորհրդարանական մեծամասնության եւ փոքրամասնության կողմից համաձայնեցվելուց հետո: 

«Երբ նրանք ասում են, որ սկզբում խորհրդարանը պետք է փոխի Սահմանադրությունը, իսկ հետո նոր հանդես գա նախագահը, դա նշանակում է, որ ես պետք է լռեմ», - հայտարարել է Սահակաշվիլին: