Աբխազիայով անցնող երկաթուղին Կովկասում Ռուսաստանի ընդլայնվելու հնարավորությունն է։ Այդ մասին երեկ՝ փետրվարի 8-ի երեկոյան Հավլաբարի իր նստավայրից հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:
«Երբ մենք այդքան խոսում էինք Կարս-Ախալքալակ երկաթուղու մասին, հարկ է նշել, որ այդ ճանապարհը մեզ Եվրոպա կտանի, դա Թբիլիսի- Լոնդոն երկաթուղին է: Ժողովուրդ, այդ ճանապարհը խնդիր դարձնելու առի՞թ է: Իսկ մենք կունենանք խնդիր, եթե ռուսական երկաթուղին տանենք Աբխազիայի միջով: Ձեզ ինչ է, թվում է, թե կլինի այն տեսահոլովակի նմա՞ն` Թբիլիսիում գնացք կնստենք եւ կհայտնվենք Սուխումո՞ւմ։ Ո՞վ մեզ կթողնի Սուխում մտնել։ Աբխազիայով անցնող երկաթուղին Կովկասում Ռուսաստանի ընդլայնվելու հնարավորությունն է», - հայտարարել է նախագահը, մեջբերում է «Գռուզիա օնլայնը»:
Հիշեցնենք, Աբխազիայով անցնող երկաթուղու գործարկման խոսակցություններն աշխուժացել էին «Վրացական երազանքի» իշխանության գալուց հետո: Հայաստան այցի ընթացքում վարչապետ Իվանիշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը ջանքեր է գործադրում այդ հարցի լուծման ուղղությամբ։ Վարչապետի խոսքերը հարոցել էին նախկին իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության, մասնավորապես՝ նախագահ Սահակաշվիլիի դժգոհությունը, որն այդ հայտարարությունը «հակապետական» էր անվանել:
Իր վերջին մամուլի ասուլիսում վարչապետ Իվանիշվիլին հայտնել էր, որ Աբխազիայով անցնող երկաթուղու գործակումը ձեռնտու է բոլոր կողմերին:




























