ԱԻՄ առաջնորդ, մահափորձի ենթարկված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը բաց նամակ է հղել նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին` կոչ անելով հանդես գալ միասնական թեկնածուով: Նա նշել է, որ եթե ընտրությունները հետաձգի 14 օրով, ապա իրենք կարող են մեկ միասնական թեկնածու առաջարկել`  ի մի բերել բոլորիս ծրագրերը եւ 10 օր էլ միասին ներկայանալ ժողովրդին։ Նա բաց նամակը տեղադրել է «Ֆեյսբուքի» իր էջում.

«Մամուլից տեղեկացա, որ միասնական թիմի ցանկություն է եղել․․․ եւ չի իրականացել։  Այդ ուղղությամբ իմ զանգերն էլ անարձագանք էին մնում։ Եւ Րաֆֆի Հ․-ն էր շատ զբաղված եւ Հրանտ Բ․-ը։  Ճշգրիտ հարցումներով 5 օր առաջ Ս․Ս․-ն ուներ 43-45%, իսկ ՊՀ-ն, ՀԲ-ն եւ ՐՀ-ն՝ 5-35%: Եռյակի միասնաբար հանդես գալու դեպքում ՍՍ-ն ունենում էր 30%, իսկ եռյակը՝ 67-69% (սա քվեարկողների՝ ընտրության մասնակցողների թվում)։ Ուզում էի առաջարկել ծանոթանալ այս թվերին եւ նույնիսկ միասնական ուժերով ստուգել այս հրաշքը։

Բայց սիրելի գործընկերներս միասնաբար հաղթանակի ձգտելու փոխարեն մտածում էին ինչպես բարձրացնել իրենց պարտության տոկոսները։ Եւ արդեն ասում են՝ ուշ է։

Իրականում, եթե ես ընտրությունները հետաձգեմ 14 օրով, ապա մենք կարող ենք մեկ միասնական թեկնածու առաջարկել, ի մի բերել բոլորիս ծրագրերը եւ 10 օր էլ միասին ներկայանալ ժողովրդին։ Եւ այդ դեպքում մեր միասնական տոկոսը ոչ թէ 70%, այլ՝ 80% էլ կդառնա։

Սիրելի Րաֆֆի եւ Հրանտ, կամ մենք իրար հետ կհասնենք արդյունքի կամ կպարտվենք առանձին-առանձին։

Հիմա Ձեզ հրապարակավ եմ դիմում եւ Ձեզ ձայն տալու տրամադրված մարդիկ էլ թող իմանան, թե պարզունակ հավակնությունների պատճառով ձեր ծրագրերն իրականացնելու ինչ հնարավորությունից էք դուք զրկվում։ Սա ձեզ ասում է 96թ միասնական թեկնածուի ճարտարապետը։

ժողովուրդ, մենք ընդամենը 30 Ժամ ունենք ու ոտքի ելեք ու ոտքի հանեք ձեր բոլոր հնարավորությունները։ ՐՀ-ին եւ ՀԲ-ին բացատրեք, որ սա մեր բոլորի հաջողության հասնելու վերջին հնարավորությունն է։ Ինձ ձայն տվողներին բացատրել պետք չէ։ Նրանք պատրաստ են․․․

Մշակված են նաեւ կազմակերպական, հոգեբանական, միասնական թեկնածուի ընտրության տարբերակները։Աստված մեզ բոլորիս պահապան։

Ձեր՝ Պարույր Հայրիկյան»

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am