Հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը շարունակում է մնալ նույնը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Շտապօգնության» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Նա նշեց, որ գիշերը նորմալ է անցել, առավոտյան ժամը 9.00-ի դրությամբ ճնշումը 90/60 է:
Նշենք, որ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն, փետրվարի 8-ին, այցելել է նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին. նրանք պայմանավորվել են, որ մոտ օրերս համալիր բուզննում կիրականացվի Անդրիաս Ղուկասյանին առողջական վիճակին գնահատական տալու համար: Նախարարը նշել է, թե կան հետազոտություններ, որոնք պահանջում են լրացուցիչ գործիքային եւ այլ տիպի քննություններ, որը պարտավոր են իրականացնել հիվանդանոցային պայմաններում: «Ես պարոն Ղուկասյանին խնդրեցի, որ նա առաջիկա 1-2 օրվա ընթացքում իրեն հարմար կլինիկայում, որտեղ ինքը հարմար գտնի, հետազոտություններ անցնի: Հետազոտություններին կմասնակցեն Հանրապետության գլխավոր մասնագետները եւ գնահատական կտան նրա առողջական վիճակի մասին: Պարոն Ղուկասյանը մեզ խոստացավ, որ մինչեւ օրվա վերջ մեզ կտեղեկացնի ժամը եւ այն կլինիկայի անունը, որտեղ ինքը կցանկանար հետազոտվել»,- ասել է Դերենիկ Դումանյանը, հավելելով, որ սա անհրաժեշտություն է` անդառնալի հետեւանքներից խուսափելու համար: Նրա խոսքով` եթե Անդրիաս Ղուկասյանի կյանքին վտանգ սպառնա, իրենք կմտածեն նրան հոսպիտալազիցիայի մասին: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նախագահի թեկնածուն չի գնա հիվանդանոց, բայց պատրաստ է հացադուլի վայրում արյան եւ այլ անալիզներ հանձնել:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ից Անդրիաս Ղուկասյանը հացադուլ է հայտարարել ԳԱԱ-ի առաջ եւ պահանջում է, որպեսզի չեղյալ հայտարարվի գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածության գրանցումը: Հացադուլի ընթացքում պարբերաբար նրա առողջական վիճակը վատանում, ապա` կայունանում է: Նա սահմանափակել է շփումը լրագրողների հետ, փորձում է հնարավորինս քիչ խոսել եւ խնայել ուժերը: Նախագահի թեկնածուի մոտ շուրջօրյա հերթապահություն են իրականցնում ոչ միայն նրա շտաբի ներկայացուցիչները, այլեւ «Շտապօգնության» բրիգադը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























