Նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Հրանտ Բագրատյանը չեն շտապում պատասխանել նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի` միասնական թեկնածուով հանդես գալու կոչին:

«Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի մամուլի քարտուղար Կարինե Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ավելի ուշ կմեկնաբանեն:

Իսկ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ «այս պահին պարոն Հովհաննիսյանը քաղաքում չէ, Գեղարքունիքի մարզում քարոզարշավի է, արդյունավետ եւ հաղթական քարոզարշավ է ընթանում»: «Վերադառանալուն պես կներկայացնենք պարոն Հայրիկյանի առաջարկը պարոն Հովհաննիսյանին, կարծում եմ` կքննարկենք այդ հարցը, անդրադարձ կկատարենք»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը:

Նշենք, որ ԱԻՄ առաջնորդ, մահափորձի ենթարկված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը բաց նամակ է հղել նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին` կոչ անելով հանդես գալ միասնական թեկնածուով: Նա նշել է, որ եթե ընտրությունները հետաձգի 14 օրով, ապա իրենք կարող են մեկ միասնական թեկնածու առաջարկել`  ի մի բերել բոլորիս ծրագրերը եւ 10 օր էլ միասին ներկայանալ ժողովրդին։ Նա բաց նամակը տեղադրել է «Ֆեյսբուքի» իր էջում: