Հնդկաստանի Քաշմիր նահանգում փետրվարի 10-ին խռովությունների ընթացքում առնվազն 36 մարդ վիրավորվել է, 12-13 տարեկան մի տղա փետրվարի 11-ին հիվանդանոցում մահացել է:

«Ռոսբալտը» հայտնում է, որ Քաշմիրի բնակիչների դժգոհության պատճառը փետրվարի 9-ին քաշմիրցի Մուհամեդ Աֆզալ Գուրուի մահապատիժն է եղել, որին դատապարտել էին հնդկական խորհրդարանի վրա 2001թ. հարձակման կազմակերպման համար:

Ջամու եւ Քաշմիր նահանգում փետրվարի 10-ին պարետային ժամ էր հայտարարվել, փակվել էին ճանապարհները եւ անջատվել համացանցը: Հնդկաստանի կառավարության նման գործողությունների պատճառը փետրվարի 9-ին սկսված զանգվածային անկարգությունների եւ բողոքի ցույցերի կրկնության  մտավախությունն էր:  Քաշմիր էին բերվել մի քանի հազար զինծառայողներ եւ իրավապահ ուժեր: Բացի ճանապարհները փակելուց եւ  համացանցն անջատելուց, նահանգում դադարեցվել էր նաեւ տեղական թերթերի թողարկումը, անջատվել մալուխային ալիքները:

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ ըստ տարբեր տվյալների՝ 12-13 տարեկան Ուբայիդ Մուշտակ անունով տղան մահացել էր փետրվարի 10-ին Քաշմիրում ոստիկանների հետ ցուցարարների բախման հետեւանքով ստացած վնասվածքներից:

Ջամու եւ Քաշմիր նահանգի գլխավոր նախարար Օմար Աբդուլան սուր քննադատության է ենթարկել Գուրուի մահապատժի իրագործման  իշխանությունների վճիռը: Նախարարը հայտնել է, որ ինքը կաներ ամեն ինչ` Գուրուի մահապատժը կանխելու համար:

2001թ. դեկտեմբերին Հնդկաստանի խորհրդարանի վրա հարձակման կազմակերպիչներից Աֆզալ Գուրուն փետրվարի 9-ի առավոտյան կախաղան էր հանվել Դելիի Թիհար բանտում: Հնդկաստանի նախագահ Փրանաբ Մուքերջին մի քանի օր առաջ մերժել էր Գուրուին ներում շնորհելու դիմումը: