Հայաստանի նախագահի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած, սակայն չգրանցված թեկնածու Նարինե Մկրտչյանը հունվարի 30-ին դիմել է Սահմանադրական դատարան` վիճարկելով ընտրագրավին առնչվող դրույթների սահմանադրականությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նարինե Մկրտչյանը:

Նա նշեց, որ իր ներկայացուցչին ՍԴ-ում տեղեկացրել են, որ 5 օրվա ընթացքում պետք է հետազոտվի նյութը եւ ներկայացնեն ՍԴ ղեկավարին, իսկ իրենց պետք է պատասխանեին 20 օրվա ընթացքում: «Բայց ինձ ոչինչ չեն պատասխանել, չորեքշաբթի կկայանա ասուլիս, մանրամասն կխոսենք»,- ասաց նա:

ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը նշեց, որ Նարինե Մկրտչյանը դիմել է ոչ թե որպես նախագահի թեկնածու, այլ որպես քաղաքացի: Նա նշեց, որ դիմումը վերաբերում էր օրենքի սահմանադրականությանը, իսկ նման դիմումները կարող են քննվել երեքամսյա ժամկետում: Հովհաննես Պապիկյանը նշեց, որ այն դեռ չի քննվել, հայտնի չէ նաեւ, թե երբ կքննեն:

Ավելի վաղ Նարինե Մկրտչյանը դիմել էր Վարչական դատարան` վիճարկելով իր գրանցումը մերժելու վերաբերյալ ՀՀ ԿԸՀ որոշումն ու պահանջելով պարտավորեցնել ԿԸՀ-ին անվավեր ճանաչել այն եւ իր թեկնածության գրանցման մասին որոշում ընդունել: Դատարանը մերժել էր նրա հայցը`նշելով, որ այդ խնդրի քննարկումնը իր իրավասության ներքո չէ:: Նշենք, որ թեկնածուի չգրանցման պատճառը այն է եղել, որ  վերջինս ԿԸՀ չի ներկայացվել նվազագույն աշխատավարձի 8000-ապատիկի չափով ընտրական գրավի վճարման անդորրագիրը: