Հայաստանի կառավարության փետրվարի 11-ին տեղի ունեցած նիստում վարչապետը հաստատել է նաեւ ՀՀ զբոսաշրջության զարգացման 2010 թվականի ծրագիրը:

Ծրագրի նպատակն է ակտիվ եւ արդյունավետ մարքետինգային քաղաքականության իրականացման միջոցով ապահովել Հայաստանի զբոսաշրջության համար բարենպաստ եւ գրավիչ երկրի նկարագրի ձեւավորումը, միջազգային զբոսաշրջության շուկաներում Հայաստանի ներկայացումը, ինչպես նաեւ Հայաստանի միջազգային ինտեգրումը:

Որպես ծրագրային արդյունքներ՝ ակնկալվում է, որ 2010 թվականին Հայաստանում կլինի 650 հազար զբոսաշրջիկների ներհոսք եւ, ըստ այդմ, կապահովվի 7-10 տոկոս աճ, ինչպես նաեւ Հայաստանի վերաբերյալ ընդհանուր ճանաչողությունը կամրապնդվի միջազգային շուկաներում:

Որպես միջոցառումներ նախատեսվում են մասնակցություն միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին, գովազդատեղեկատվական նյութերի հրատարակում եւ տարածում, Հայաստանի տարբեր մարզերում փառատոնների եւ տոնակատարությունների կազմակերպում, ինչպես նաեւ զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության ծավալում: