Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Գյուղատնտեսական տեխնիկայի առկայության եւ սարքինության» մասին զեկույցը:  Համեստ թվեր ակնկալող թերահավատներին հիասթափություն է սպասվում, քանի որ ընթացիկ տարեսկզբի դրությամբ հանրապետության գյուղատնետսությունում հաշվարկված է  14,7 հազ. տրակտոր եւ 15,2 հազ. բեռնատար մեքենա: Առաջին հայացքից ոլորտի մասշտաբի առումով սրանք վատ թվեր չեն, քանի որ  յուրաքանչյուր տրակտորին բաժին է ընկնում «ընդամենը»  23 գյուղացիական տնտեսություն:  Հաշվի առնելով, որ  գյուղերում հողատարածքները միջինը 1,2-1,4 հեկտար են կազմում,  ապա յուրաքանչյուր տրակտորի ընկնում է  մոտ 30  հեկտար:

Սակայն ողջ խնդիրը նրանում է, որ  տրակտորների պարկում  ժամանակաից մոդելները 5%-ից էլ  քիչ են: Միաժամանակ նշվում է, որ սարքին վիճակում են տրակոտրների 80% -ը: Հաշվի առնելով, որ  դրանք շահագործվում են խորհրդային տարիներից ի վեր, պետք է նկատել, որ  ֆիզիակապես մաշված տեխնիկան անընդհատ խափանվում է, իսկ աշխատելուց էլ ուղղակի խժռում է  վառելիքը: Այնպես որ իրականում պատկերն այնքան էլ  ուրախալի չէ: Եւ հարց է առաջանում` թե ինչու տեխնիկան ժամանակին չի թարմացվում:

Պետք է նշել, որ երկրում օբեյեկտիվորեն մեծ է մինի տրակտորների պահանջարկը: Սակայն արդյոք ի վիճակի է միջին ֆերմերը նման տեխնիկա ձեռք բերել: Տեղեկացնենք, որ տեղերում հավաքված այդպիսի տեխնիկայի արժեքը տատանվում է  8,5 -22 հազ. դոլարի սահմանում:

Միաժամանակ, անցած տարվա տվյալներով,  ֆերմերային տնտեսությանն ընկնող միջին ՀՆԱ-ն  կազմել է մոտ  2,5 մլն դրամ  կամ  6,3 հազ. դրամ:  Արդեն իսկ այս թիվը փոքր է մինի տրակտորի անգամ նվազագույն գնից: Արդյունքում միջին  ֆերմերային տնտեսությունն իրեն չի կարող թույլ տալ գյուղտեխնիկա ձեռք բերել:

Նշենք, որ եթե 2000-2012 թթ. իրացված գյուղտեխնիկայի գների ինդեքսն աճել է 1,8 անգամ,  ապա  ոլորտի համար արտադրության  միջոցների գների ինդեքսը` գրեթե 2,1 անգամ: Այլ կերպ ասած`  արտադրանքի նույն ծավալի դեպքում  գյուղտեխնիկա ձեռք բերելու ֆերմերի շանսերը նշված ժամանակահատվածում նվազել են:

Ստացվում է փակ շրջան. տնտեսությունների նվազ եկամուտը հնարավորություն չի ընձեռում  ձեռք բերել շարքային ֆերմերի համար թանկարժեք տեխնիկան, իսկ  դրա բացակայությունը  արգելակում է արտադարության ընդլայնման հնարավորությունը: Ինչպե՞ս բացել այս շրջանը:

Ալբերտ Խաչատրյան