2008-9 թ.թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը շատ ուժեղ հարվածեց անշարժ գույքի շուկային: Նույնիսկ զարգացած երկրներում բնակարանաշինությունը դարձել է ոչ շահավետ՝ անշարժ գույքի նկատմամբ պահանջարկի ցածր աճի պատճառով: Ավելի մեծ ուշադրություն է դարձվում, այսպես կոչված, սոցիալական բնակարաններին (social housing): Դրանք վարձով տրվող բնակարաններ են, որ պատկանում են համայնքին, պետությանը կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություններին: Պետությանը եւ համայնքին պատկանող բնակարանները երբեմն անվանում են նաեւ հանրային բնակարանային ֆոնդ (Public housing):
Սոցիալական բնակարանաշինության պատմությունն իրականում սկսում է 50-ական թվականներից, երբ Հոնգ Կոնգի կառավարությունը ստիպված էր վերականգնել քաղաքի այրված թաղամասերից մեկը: Իսկ ներկայում Հոնգ Կոնգի բնակիչների կեսն ապրում է սոցիալական բնակարաններում: Իդեալական է համարվում, երբ սոցիալական բնակարանային ֆոնդը երկրում կազմում է ընդհյանուրի մոտ 30%-ը: Օրինակ՝ ԱՄՆ-ում մոտ 25% է: Հյուսիսային խիստ կլիմա ունեցող երկրներում սոցիալական բնակարանային ֆոնդի տեսակարար կշիռը, որպես կանոն, ավելի բարձր է՝ 45-55%:
Սոցիալական բնակարանաշինությունը սկզբնական շրջանում զարգանում էր որպես անապահով խավերի բնակարանային ապահովման ձեւ, սակայն համաշխարհային ճգնաժամից հետո դիտարկվում է նաեւ որպես այլընտրանք հիփոթեքին: Միջին խավերն ավելի ու ավելի մեծ ուշադրություն են դարձնում սոցիալական բնակարաններին՝ եւ մատչելիության, եւ հարմարավետության համար:
Որոշ ուշացումով հայաստանում եւս սկսել են սոցիալական բնակարանաշինության ծրագրեր իրականացնել; Առաջին ծրագրեն իրականացրեց պետությունը՝ Երեւանում, Գորիսում, Մարալիկում: Այսպես՝ Մարալիկում կառուցվեց 3 շենք 59 բնակարաններով: Դրանք ժամանակավոր օգտագործման են տրվել մանկատան սաներին, հաշմանդամներին ու միայնակ տարեցներին; Սակայն այդ ծրագրի թերությունն այն է, որ ենթակառուցվածքները բավարար չեն զարգացվել, բակային տարածքները բարեկարգված չեն:
Սոցիալական բնակարանաշինությանը կարող է լուրջ խթաններ հաղորդել ոչ պետական կազմակերպություններից մեկի կողմից իրականացվող ծրագրերը: Հայ-հոլանդական համագործակցությամբ ստեղծված ԱՍԲԱ կազմակերպությունը (Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա հիմնադրամ) նախատեսել է 50 սոցիալական բնակարան կառուցել Դիլիջանում, այնուհետ այդ ծրագիրը կտարածի Հրազդանում, Վանաձորում եւ Աշտարակում: Այս ծրագրի առավելությունն այն է, որ սոցիալական բնակարանները կառուցվում են առանձին թաղամասի տեսքով՝ մինչեւ վերջ հասցնելով բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքների շինարարությունը: Հնարավոր է, որ արդեն 2013 թ. առաջին բնակարանները շահագործման հանձնվեն: Կարծում ենք, որ սոցիալական բնակարանների նկատմամբ իրական պահանջարկն ավելի մեծ է, ու ոչ միայն մարզերում: Սոցիալական բնակարանների լայն ցանցը մեր քաղաքացիների համար այլընտրանք կստեղծի՝ թանկ հիփոթեքների ու անշարժ գույքի նկատմամբ:
Պատրաստեց՝ Սամվել Ավագյանը



























