Երեւանի Ազատության հրապարակում առայժմ չի սկսվել Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների հանրահավաքը, քանի որ անջատված է էլեկտրականությունը:
Հրապարակում մեծ բազմություն է հավաքվել, որոնք ծափերով դիմավորեցին Րաֆֆի Հովհաննիսյանին: Թեպետ Հովհաննիսյանն ավելի վաղ հավաքվածներին խնդրել էր իրա անունը չվանկարկել, սակայն հավաքվածները բղավում էին «Րաֆֆի-նախագահ»: Րաֆֆի Հովհաննիսյանը խոսել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ եւ հայտնել, որ հրապարակում հոսանք չկա: Գասպարյանն էլ նշել է, թե դրանով պետք է զբաղվի քաղաքապետարանը, երեւի չկա հոսանք, քանի որ հանրահավաքն արտոնված չէ: Ապա Հովհաննիսյանին է մոտեցել Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ հայտնել, որ զբաղվում են հոսանքի խնդրով:
Ինչպես Ազատության հրապարակից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, հանրահավաքի մասնակիցներին թռուցիկներ են բաժանել, որոնցում կոչ է արվում սադրանքների չգնալ: Ազատության հրապարակում է գտնվում նաեւ նախագահի ընտրություններում երրորդ տեղը գրաված թեկնածուն` «Ազատություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նշենք, որ ընտրություններում 37 տոկոս ձայն ստացած նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, ով չի ճանաչում իր պարտությունն ընտրություններում, երեկ հանդիպել է Ապարանի, Վանաձորի եւ Գյումրիի ընտրողների հետ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am




























