Հայաստանի խորհրդարանում փետրվարի 12-ին կայացել են ավտոտրանսպորտի շահագործման արդյունքում ավտոքաղաքացիական պատասխանատվությունը կարգավորող օրինագծի քննարկումները:
Ինչպես նշել է Կենտրոնական բանկի նախագահ Վաչե Գաբրիելյանը, նախագծի նպատակն է ապահովել ավտոտրանսպորտի շահագործման ժամանակ առաջացած վնասի փոխհատուցումն ու տուժածների փոխհատուցման իրավունքը: Նրա խոսքով, այդ ինստիտուտի ներդրումը մեծամասամբ պայմանավորված է ավտոտրանսպորտի ներմուծման մոտ 10-15 տոկոս աճով եւ պատահարների թվի ավելացմամբ:
Նա ընդգծել է, թե նորամուծությունը կհաստատի պարտադիր ապահովագրության ընդհանուր պահանջներ, կերաշխավորի վնասի փոխհատուցումը պատահարների դեպքում: Նախագծով նախատեսվում է հատուկ Բյուրո ստեղծել, որի խնդիրն է լինելու ապահովագրական ընկերությունների գործունեության կարգավորումը:
Ստեղծվելու է նաեւ երաշխիքային հիմնադրամ՝ տուժածներին հատուցումներ վճարելու համար այն դեպքում, երբ անհնար է գտնել ավտոմեքենայի վարորդին, այն հետախուզման մեջ է կամ ապահովագրություն չունի: Նախագծի ընդունումը կավելացնի ապահովագրական վճարների համակարգի թափանցիկությունը:
Նախատեսվում է վճարել 2 մլն դրամ՝ որպես պարտադիր վճար եւ 4 մլն դրամ անձնական վնասի համար:
Նախատեսվում է, որ փաստաթուղթն ուժի մեջ կմտնի արդեն 2011թ.-ին:




























