Ադրբեջանը պատերազմական գործողություների հնարավոր վերսկսման դեպքում միանգանից պատերազմ կհայտարարեր եւ ոչ թե ամեն օր «երգեր կերգեր»։ Այս մասին փետրվարի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը։

ԱԺ պագամավորը հիշեցրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իբրեւ պատասխան Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին, ասել են, որ պատերազմի դեպքում տարածքային ամբողջականության գաղափարը վերանալու է եւ առաջնային է դառնալու ազգերի ինքնորոշման իրավունքը։

Սահակյանը նշեց, որ նախագահը բազմիցս կրկնել է, թե «Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու», սակայն թե ի՞նչ սահմաններով Ղարաբաղ է նկատի ունեցել նախագահն այդ հայտարարությունն անելիս, Հանրապետականի փոխնախագահն այդպես էլ հստակ չասաց՝ հավելելով միայն, որ իրենց համար առաջնայինը Ղարաբաղի կարգավիճակն է, որը չի կարող ներկա իրավիճակից ավելի ցածր լինի։