Հակամարտության գոտում հայկական ուժերի առկայությունն է նպաստում տարածաշրջանում խաղաղության պահպանմանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Նորավանք» գիտահետազոտական կենտրոնի նախագահ Գագիկ Հարությունյանը:
Հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը օտարերկրյա միջնորդների մասնակցությամբ նույնպես նպաստում է, որ ադրբեջանական կողմը ռազմական գործողույթուններ չսկսի, սակայն, ըստ փորձագետի, առանց հայկական ուժերի, դա բավարար չէր լինի: Գագիկ Հարությունյանի կարծիքով, այն դեպքում, երբ ադրբեջանցիները փորձեն խախտել հրադադարի ռեժիմը, հայկական ուժերը կարող են լուրջ դիմադրություն ցույց տալ, եւ որպես հետեւանք «Ադրբեջանը կարող է երկրորդ անգամ հայտնվել անմխիթար վիճակում, ինչպես պատահեց նախորդ պատերազմի ժամանակ»:
Անդրադառնալով հնարավոր հանրաքվեի հարցին, որի միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պիտի արտահայտի իր կամքը, Հարությունյանը նշեց, որ, չգիտես ինչու, մոռացվում է, որ մեկ անգամ արդեն 90-ականների սկզբին նման հանրաքվե կայացել է: «Հանրաքվե կարելի է անել թեկուզ ամեն օր եւ սպասել արդյունքի: Այլ հարց է՝ Ադրբեջանը կենթակվի՞ այդ արդյունքին»,- ասել է Հարությունյանը եւ նշել, թե Ադրբեջանը հույս ունի, որ հանրաքվեին կմասնակցի ողջ Ադրբեջանը, իսկ նման մոտեցումն անընդունելի է:




























