ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 12-ին Սուխում քաղաքի Թումանյանի անվան թիվ 9 միջնակարգ դպրոցում հանդիպել է Աբխազիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը ներկաներին ծանոթացրել է Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական իրավիճակին եւ զարգացման ծրագրերին, ինչպես նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի ու հեռանկարներին:

Բակո Սահակյանն անդրադարձել է նաեւ Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների հետագա ընդլայնմանը, պատասխանել հանդիպման մասնակիցների կողմից բարձրացված մի շարք հարցերի: Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, ԼՂՀ ԱԳ փոխնախարար Վասիլի Աթաջանյանը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: