Պաշտպանության նախարարության շինարարության վարչության նախկին պետ Արմեն Սարգսյանի դեմ քրեական գործ է հարուցվել 2008-ի մարտի 1-ի նախաշեմին ՀՀ զինված ուժերը հատուկ պատրաստվածության բերելու մասին պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի գաղտնի հրամանի հրապարակման առնչությամբ: Այս փաստը հաստատել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը։
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը ձերբակալվել էր Նոր տարվա տոներից մի քանի օր առաջ, երբ «Հայկական ժամանակ» օրաթերթը դեկտեմբերի 15-ին հրապարակեց Միքայել Հարությունյանի 2008-ի փետրվարի 23-ին արձակած հրամանի քաղվածքը։ Հրապարակված քաղվածքի համաձայն, նախագահական ընտրություններից 4 օր անց զինված ուժերի ողջ անձնակազմին հրահանգվել է տեղափոխել զորանոցային վիճակի, պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծել տաբելային զենքով զինված սպայական խմբեր, Երեւանի կայազորի նախկին պետ Յուրի Խաչատուրովի ենթակայությամբ ստեղծել «Կայազորի պետի վարչակազմ» անվամբ նոր կառույց։ «Հրաման է հրապարակվել. Հրամանի մեկ-երկու կետ։ AN-0038 հրամանի մասին է խոսքը»,- «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Շահսուվարյանը։
Ընդդիմադիր մամուլի հրապարակումների համաձայն, նշված ժամանակաշրջանում հիշյալ կառույցը գործնականում փոխարինել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբին եւ ապահովել է մարտի 1-ին զինված ուժերը Երեւան տեղափոխելու եւ դրանց հետագա կառավարման հետ կապված գործընթացները։
Ներկայումս այդ գործը քննվում է Ազգային անվտանգության ծառայության վարույթում։
Ա. Սարգսյանի պաշտպանները հայտնել են, որ գործի քննությանը վերաբերող տվյալները նախաքննության գաղտնիք են հանդիսանում եւ հրապարակման ենթակա չեն, սակայն, ըստ նրանց, պաշտպանյալը որեւէ առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքի հետ, «մեղադրանքը մտացածին է, ընդամենը՝ անձնական վրեժխնդրություն»:
«Գործը դառնալու է դատական քննության առարկա, եւ նա մանրամասն ցուցմունքներ կտա, թե ում է ձեռնտու եղել, որպեսզի քրեական գործը հարուցվի եւ նա գտնվի կալանքի տակ։ Նա արտոնել է մեզ, որպեսզի արդեն կոնկրետ անուններ սկսեն տրվել։ Մեկը՝ Սեյրան Օհանյանը, մյուսն էլ՝ Գլխավոր շտաբի պետ Խաչատուրովը. Երկուսին էլ անչափ ձեռնտու էր, որովհետեւ մինչեւ ձերբակալությունը հավանականությունը մեծ էր, որ Արմեն Սարգսյանը դարձյալ մուտք կգործի պաշտպանության նախարարություն եւ կզբաղեցնի շատ պատասխանատու պաշտոն»,- ասել է պաշտպան Արթուր Գրիգորյանը, հավելելով, որ իրենք դիմել են դատարան՝ նախաքննության շրջանում խափանման միջոց ընտրված կալանքը գրավով փոխարինելու միջնորդությամբ, բայց դատարանը փետրվարի 10-ին մերժել է միջնորդությունը:




























