ԱՄՆ նոր պետքարտուղար Ջոն Քերրին մարտի 1-ին, Անկարայի ժամանակով 12։45-ին ժամանել է Անկարա։

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի մայրաքաղաքի օդանավակայանում Ջոն Քերրիի գլխավորած պատվիրակությանը դիմավորել են Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը, Անկարայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն եւ այլ պաշտոնյաներ։

Ջոն Քերրին այսօր՝ մարտի 1-ին, Անկարայում կհանդիպի Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ։

Նշվում է, որ հանդիպումների ընթացքում թուրքական կողմը ներկայացնելու է սիրիական հարցում իրավիճակը, դրա նկատմամբ Թուրքիայի տեսակետը եւ լսելու է այդ խնդրում ԱՄՆ դիրքորոշման մասին։

Քերրին Թուրքիայից հետո կմեկնի Եգիպտոս, Սաուդիան Արաբիա, ԱՄԷ եւ Քաթար։