Ղրղըզստանում դատավճիռ է կայացվել մի քանի անձանց նկատմամբ, ովքեր 2010 թվականի ապրիլին տեղի ունեցած վերջին հեղափոխության ժամանակ դիակապտությամբ են զբաղվել: Նրանք դատապարտվել են 13-17 տարվա ազատազրկման:

Դատապարտյալներին, որոնց շարքում է ոստիկանության նախկին աշխատակից, գնդապետ Ակժոլ Աբդուվալիեւը, մեղադրել են նաեւ այլ հանցագործություններում` երկրի նախկին մուֆթիի առեւանգում` փրկագին ստանալու նպատակով, ավազակային հարձակում «Մանաս» օդանավակայանի վրա:

Գործով անցնողներից մեկը` Աբդուլլա Յուսուպովն ավելի վաղ խոստովանել էր, որ զբաղվել է դիակապտությամբ (մասնակցել է տապալված նախագահ Քուրմանբեկ Բաքիեւի ունեցվածքի հափշտակությանը) եւ պնդել, որ գործել է որոշ քաղաքական գործիչների ղեկավարության ներքո, ովքեր ներկայումս իշխող կոալիցիայի մեջ ընդգրկված «Աթա Մեքեն» կուսակցության պատգամավորներ են:

Յուսուպովի ցուցմունքները ստուգելու համար ստեղծվել է պատգամավորական քննչական հանձնաժողով, որը սակայն, պատգամավորների մեղքն ապացուցող ակնհայտ ապացույցներ չի գտել, հաղորդում են ղրղըզական լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ 2010 թվականի ապրիլին Ղրղըզստանում տեղի ունեցավ ապստամբություն, որի արդյունքում տապալվեց երկրի նախագահ Քումանբեկ Բաքիեւը: Երկրի մայրաքաղաքում անկարգությունները ուղեկցվում էին դիակապտությամբ: Այդ օրերին թալանվել կամ այրվել են բազմաթիվ խանութներ: Նման ճակատագրի է արժանացել նաեւ խորհրդարանի շենքն ու Սպիտակ Տունը: