Եվրոպա եւ Մերձավոր Արեւելք այցի շրջանակներում մարտի 1-ին Թուրքիա այցելած ԱՄՆ նոր պետքարտուղար Ջոն Քերրին հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ։

Թուրքական Hurriyet-ը Քերի-Դավութօղլու հանդիպման մասին կարճ տեղեկությունը վերնագրել է «Սիոնիզմը ստվերեց պատմական այցը»։ Նշվում է, որ մինչեւ երեկ նախատեսված էր, որ 2 պաշտոնյաների միջեւ հանդիպման ժամանակ օրակարգում է լինելու Սիրիայի հետ կապված խնդիրները, սակայն այդպես չեղավ, քանի որ մեկ օր առաջ Էրդողանը Վիեննայում իսլամաֆոբիայի մասին խոսելու ժամանակ սիոնիզմը համեմատել է  այնպիսի հանցագործությունների հետ, ինչպիսիք են ֆաշիզմն ու անտիսեմիտիզմը։

Հայտնի է, որ Անկարայում նա կհանդիպի Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Նշվում էր, որ հանդիպումների ընթացքում թուրքական կողմը ներկայացնելու է սիրիական հարցում իրավիճակը, դրա նկատմամբ Թուրքիայի տեսակետը եւ լսելու է այդ խնդրում ԱՄՆ դիրքորոշման մասին։

Քերրին Թուրքիայից հետո կմեկնի Եգիպտոս, Սաուդիան Արաբիա, ԱՄԷ եւ Քաթար։