ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին բաց չի թողնի հնարավորությունն իր անհանգստությունը հայտնելու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունների կապակցությամբ: Այս մասին, այսօր` մարտի 1-ին կայացած բրիֆինգում հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը: Բրիֆինգը նվիրված է Ջոն Քերրիի Թուրքիա այցելությանը:

Նշենք, որ ըստ լրատվամիջոցների, Էրդողանը սիոնիզմը ֆաշիզմի եւ հակասեմիթիզմի հետ դրել է նույն շարքում, ինչը բուռն դժգոհություն է առաջացրել Իսրայելում: Էրդողանն ասել է, որ իսլամոֆոբիան պետք է ընկալվի որպես հանցագործություն, ինչպես սիոնիզմը, հակասեմիթիզմն ու ֆաշիզմը:

Պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է, որ Թուրքիան եւ Իսրայելը ԱՄՆ-ի ընկերներն են, եւ Վաշինգթոնն այսուհետ եւս կողմերին կոչ է անելու անել հնարավորը «կարեւոր հարաբերությունները նորմալացնելու» համար:

«Սիոնիզմը մարդկության դեմ ուղղված հանցագործություն կոչելը հատկապես վիրավորական է: Ես չեմ կարծում, որ մենք նախկինում նման բան ենք լսել, եւ ինչպես արդեն ասացի, ես վստահ եմ, որ պետքարտուղարը պարզ հասկացնել կտա, թե որքան ենք մենք անհանգստացած լսելով նման բան»,-հայտարարել է ամերիկացի պաշտոնյան:

Նա նաեւ հավելել է, որ Թուրքիան չպետք է արգելափակի Իսրայելի մասնակցությունը բազմակողմ ծրագրերում, այդ թվում ՆԱՏՕ-ի շրջանակներում իրականացվողները:

Նշենք, որ Իսրայելի կառավարությունը մարտի 1-ին խստորեն դատապարտել է Էրդողանի հայտարարությունը` նշելով, թե նման ելույթները տեղ չունեն ժամանակից աշխարհում:Լ Էրդողանին քննադատել է նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը:

Նշենք, որ սովորաբար սիոնիզմ է կոչվում քաղաքական շարժումը, որի նպատակը բոլոր հրեաներին Իսրայելում հավաքելն է, իսկ իսլամական աշխարհում սիոնիզմն ընկալվում է որպես Պաղեստինից արաբներին վտարելու գաղափարախոսություն: