Եվրամությունը հույս ունի Հայաստանի հետ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտել Արեւելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ, որը տեղի կունենա այս տարվա նոյեմբերին` Վիլնյուսում: Այս մասին, փետրվարի 28-ին, հայտարարել է ԵՄ-ի ընդլայնման եւ հարեւանության եվրոպական քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
«Մենք հույս ունենք Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագիրը կնքել նոյեմբերին Վիլյնուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ, ինչպես նաեւ հույս ունենք ավարտել ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները Վրաստանի, Մոլդովայի եւ Հայաստանի հետ, նաեւ առաջ մղել բանակցություններն Ադրբեջանի հետ»,-ասել է Ֆյուլեն Արեւելյան գործընկերությանը նվիրված հանդիպման ժամանակ:
Բրյուսելում կայացած այս հանդիպմանը ԵՄ պաշտոնյաները եւ միջազգային ու եվրոպական ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի եւ բիզնես միջավայրի խնդիրներին վերաբերող հարցեր:




























