Վենեսուելայում եւ աշխարհում չեն դադարում քաղցկեղով հիվանդ նախագահ Ուգո Չավեսի մահվան շուրջ վեճերը։ Փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ Ուգո Չավեսը «լավ տրամադրություն» ունի եւ քիմիաթերապիայի կուրս է ստանում Կարակասի զինվորական հոսպիտալում։

Ըստ Մադուրոյի՝ շնչառական խնդիրների պատճառով նախագահը հատուկ սարքով է շնչում, բայց հենց հիվանդասենյակից կարգադրություններ է տալիս, հանդիպումներ անցկացնում, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Ըստ «ՌԻԱ Նովոստիի»՝ Մադուրոն պահանջել է դադարեցնել նախագահ Ուգո Չավեսի մահվան շուրջ զանազան խոսակցությունները եւ չօգտվել «նուրբ իրավիճակից»։ Նա նաեւ միջազգային լրատվամիջոցներին մեղադրել է երկրի կայունության դեմ տարվող  քարոզչության համար։

Ավելի վաղ Ուգո Չավեսի փեսան՝ Վենեսուելայի գիտության նախարար Խորխե Արեասը, իր բլոգում գրել էր, որ պետության ղեկավարի մահվան լուրերն անհեթեթ են: 

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Վենեսուելայի մայրաքաղաքի հիվանդանոցում, որտեղ  բուժվում է Ուգո Չավեսը, մարտի 1-ի երեկոյան պատարագ է մատուցվել  պետության ղեկավարի առողջության համար: Արարողությանը ներկա է եղել փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն` դստեր՝  Մարիա Գաբրիելայի հետ: Միջոցառումն ուղիղ եթերով հեռարձակվել է ազգային բոլոր հեռուստաալիքներով: 

Մինչդեռ ըստ ՆՏՎ-ի տեղեկության` ուսանողները Կարակասի փողոցներ են դուրս եկել եւ ճշմարտություն պահանջել իշխանություններից: Ընդդիմությունը չի հավատում, որ Ուգո Չավեսը ողջ է, եւ ցանկանում է ապացույց տեսնել:

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ փետրվարի վերջին Ամերիկյան պետությունների կազմակերպության Պանամայի նախկին դեսպան Գիլիերմո Կոչեսը «գաղտնի տեղեկություն» էր հայտնել` ըստ որի Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մոտ դեռ երկու ամիս առաջ գլխուղեղի մահ էր արձանագրվել, իսկ օրերս, իբր, անջատել էին արհեստական շնչառության սարքը: