12 խաղաղ բնակիչ է սպանվել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից թալիբների դեմ ուղղված հարձակման ընթացքում, քանի որ 2 հրթիռներ սխալ ուղղությամբ են արձակվել: Գրոհայինների դեմ ուղղված հրթռները 300 մետր շեղվել են եւ ընկել բնակելի տան վրա: Աֆղանցի պաշտոնյաներից մեկի խոսքով, սպանվածների շարքում, որոնք նույն ընտանիքի անդամներ են, կան նաեւ երեխաներ:

Բրիտանական Guardian թերթի փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել Նադ Ալի մարզում, որտեղ գործում են բրիտանական զորքերը, սակայն այդ երկրի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի խոսքով, այդ հրթիռները եղել են ամերիկյան զորքերի պատասխանատվության ներքո:

ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատարության ներկայացուցիչները խոստովանել են իրենց սխալը եւ ցավակցություններ հայտնել Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզային, որի պահանջով միջադեպի հետ կապված հետաքննություն է սկսվել: Կոալիցիոն ուժերի ծավալուն հարձակումից առաջ Աֆղանստանի կառավարությունը խոստացել էր թույլ չտալ զոհեր խաղաղ բնակչության շրջանում:

Դեպքի կապակցությամբ, ISAF-ի հրամանատարությունը արգելել է զորքերին հրթիռային կրակ բացել որեւէ նշանակետի ուղղությամբ: Ըստ Guardian-ի, վերացել են վերջին հույսերը, թե առանց խաղաղ բնակիչների շրջանում զոհերի՝ հնարավոր է նման խոշոր գործողություն իրականացնել «Թալիբան» շարժման դեմ:

Հիշեցնենք, որ աֆղանական Հելմենդի շրջանում փետրվարի 13-ի գիշերը տեղի է ունեցել թալիբների դեմ ուղղված ամենախոշոր գործողությունը: Նրան մասնակցել են 4 հազար ամերիկյան ծովային հետեւակայիններ եւ 1,5 հազար աֆղան զինվորներ: Ընդհանուր առմամբ, այդ գործողությանը մասնակցում են 15 հազար զինվորականներ, այդ թվում` բրիտանացի: