Հայկական կողմն ունի բոլոր շանսերը Սաֆարովի գործը հաղթելու Եվրադատարանում: Այդ մասին մարտի 7-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության նախագահ Սիրանուշ Սահակյանը, ով ներկայացնում է Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների եւ Ա. Մուկուչյանի շահերը:

«Այդ գործը փաստացի աննախադեպ է Եվրոպական դատարանի համար` հաշվի առնելով կատարված հանցագործության ամոթալիությունը, եւ հայկական կողմն ակնկալում է ադեկվատ արձագանք: Չնայած նրան, որ հայկական պաշտոնական մարմինները զերծ են մնում քայլերից, մտադիր են ժամանակին ակտիվ մասնակցություն ունենալ գործում որպես երրորդ կողմ: Մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների Կոնվենցիայի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետությունը ներգրավվելու է գործում որպես երրորդ կողմ»,- ասել է փաստաբանը: Սահակյանը նաեւ նշել է, թե բողոքը վերաբերում է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածին (կյանքի իրավունք) եւ 14-րդ հոդվածին (խտրականության արգելում): Ըստ Սահակյանի` դատաքննությունը կարող է ձգվել 2-ից 4 տարի:

Հիշեցնենք, 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Երկու սպաներն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին: Հայ մյուս սպային սպանելու ոճրագործի փորձը ձախողվել էր: 2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման` առանց 30 տարի ներման իրավունքի:

2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատել էին, մեծարել իբրեւ ազգային հերոսի, կոչումը բարձրաձրել, բնակարան եւ նպաստ հատկացրել: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին: